Սելինա Դողանը Թուրքիայի կրթության նախարարից պահանջել է լուծել սիրիահայ երեխաների ուսման հարցը
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել Թուրքիա գաղթած սիրիահայ երեխաների կրթության հարցը։ «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձանժողովում կրթության նախարարության բյուջեի քննարկման ժամանակ Դողանը կրթության նախարար Իսմեթ Յըլմազի ուշադրությանն է ներկայացրել սիրիահայ երեխաների ուսումնառության շուրջ ստեղծված իրավիճակը և պահանջել լուծում տալ հարցին։
Նշելով, որ Սիրիայից եկած ոչ բոլոր երեխաներն են արաբ կամ մահմեդական, նրանց մեջ կան նաև քրիստոնյաներ՝ Դողանը հայտնել, որ այդ բոլոր երեխաները, նաև հայերը, ուղարկվել են թուրքական դպրոցներ։
«Բայց չէ, որ այստեղ հայկական դպրոցներ կան։ Սակայն փոքրամասնությունների դպրոցների մասին օրենքի համաձայն՝ այդ երեխաները չեն կարող հայկական դպրոց հաճախել։ Նրանց թիվը մեկ ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել։
Ձեզանից պահանջում եմ այս երեխաների հարցով մի լուծում գտնել։ Նրանք ստիպված են կրթություն ստանալ մի միջավայրում, որն իրենց անծանոթ է, իսկ հայկական դպրոցներ առանց գրանցվելու, որպես հյուր այցելելու դեպքում չեն կարողանա դիպլոմ ստանալ։ Այս հարցում ձեզանից լուծում ենք ակնկալում»,-նշել է պատգամավորը։