Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ չի վերցրել. “Հայկական Ժամանակ”
Երեկ լրացավ այն ժամկետը, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր ետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած իր դիմումը: “Հայկական ժամանակ”-թակցի հարցին` Ռուբեն Հայրապետյանը ե՞տ է վերցրել իր դիմումը, թե` ոչ, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը պատասխանել է. “Ոչ, հետ չի վերցրել”: Թերթը գրում է, որ հարցը Հրայր Զորյանին ուղղվել է ինչպես աշխատանքային օրվա ավարտից մի քանի րոպե առաջ, այնպես էլ մի քանի րոպե հետո եւ հիշեցնում, որ “Նյուվել դ՚Արմենի” ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Հայրապետյանը հայտնել էր, որ ետ է վերցնելու դիմումը եւ որոշ ժամանակ դեռ մնալու է պատգամավոր: “Հաշվի առնելով իր խոստումների կատարման վիճակագրությունը, արդեն պարզ էր, որ նա ետ չի վերցնելու իր դիմումը: Կարող ենք համարել, որ Ռուբեն Հայրապետյանը երեկ մի փոքրիկ նվեր մատուցեց հայ հանրությանը` Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ: Սպասենք այլոց փոքրիկ նվերներին` տարբեր տոների առթիվ”,- եզրափակում է թերթը: