«Երեք լիտր արյուն էր լցվել որովայնը ու հրաշքով ապրեց… »/տեսանյութ/
Մեր օրերի խառնաշփոթում, երբ թացն ու չորը խառնված՝ բոլոր հեղինակություններն արժեզրկված «բոլորն էլ մի սանրի կտոր են» հասարակական կարծիքի մամլիչով անցնող ամենախոցելի դարձած, «ոտքի տակ ընկած» մասնագիտություններից մեկը բժշկի գործն է: Բանը հասել է նրան, որ հատուկ օրենքով փորձում են պաշտպանել բժիշկներին ֆիզիկական բռնությունից: Այսօրվա մեր հերոսը ժպտադեմ, համեստ երիտասարդը պարզվեց բժիշկ է ու ամեն ակնթարթն ու պահը ապրում է նվիրումով: Սիրակ Սիրականյանը ծնվել էր Գեղարքունիքի մարզում, բայց իր առաքելությանը հավատարիմ տեղափոխվեց Սյունիք:
Երիտասարդ բժիշկը արդեն չի հիշում, թե քանի մարդու կյանք է փրկել:Սիսիանի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ Սիրակ Սիրականյանը հարգված ու սիրված է բոլորի կողմից:
Մասնակցում էր «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան գիտաժողով-փառատոնին, բայց սիրտը հիվանդանոցում էր, որտեղ և՛ թերապևտ է, և՛ վիրաբույժ, և՛ գինեկոլոգ:
Սիրակ Սիրականյանը հիշեց մի մարդու, ով վաղուց նրա հարազատն է.«Բեռնատարը շուռ էր եկել ու Դավիթը մնացել էր խոտի ծանր տուկերի տակ: Երեք լիտր արյուն էր լցվել որովայնի մեջ: Վիճակը անհույս էր, բայց երկար պայքարից հետո փրկվեց…»:
Բժիշկը զանգեց Դավիթին ու ակամայից լսեցի նրանց խոսակցությունը.«Ջիգյարիդ մեռնեմ շուտ հետ արի , բժիշկ ջան…»:
Մանրամասները` տեսանյութում: