Այս օրենքը ՀՀ –ում ընտանիքը վերացնելու, պղծելու, ահավորացնելու համար է
«Ամբողջ հասարակությունը խոսում է այն մասին, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը համապատասխան ուժերը պարտադրել են մեզ, այս օրենքը ՀՀ –ում ընտանիքը վերացնելու, պղծելու, ահավորացնելու համար է»,- ԱԺ-ում օրինագծի շուրջ լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ «Հնարավոր չի՞ այս ամենը ընտանեկան օրենսգրքով և այլ մոտեցմամբ կարգավորել։ Դուք ստիպված ինչ բստրածին բաներ եք ասում՝ «տնտեսական բռնություն», «հոգեբանական բռնություն», էս ի՞նչ բռնություններ են», – հարցրեց պատգամավորը:
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ օրենքի կարևորությունը նոր չէ, և գործընթացը դեռ 2014 թվականից է սկսվել ու հիմա հասել է իր տրամաբանական հանգրվանին։ «Հեշտ գործ չէ ՀՀ-ին որևէ բան պարտադրելը, և եթե ի նկատի ունեք մեր միջազգային պարտվորությունները, ապա ՄԱԿ-ի շրջանակներում մենք համապատասխան հանձնարական ու պարտավորություններ ունենք, որոնք ստանձնել ենք կամովին և դրանք պետք է կատարենք», – ասաց փոխնախարարը։ Ի պատասխան՝ Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ 2014 թվականն իրեն չի ապակողմնորոշի. «Ուրեմն, պարտադրանքը 2014 թվականից է եղել», – ասաց նա: