Այս տենդենցով ուզո՞ւմ եք մեզ լավատեսություն հաղորդել. պատգամավոր
ԱԺ «Ծառուկյան » խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում ընթացող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցրեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից, թե որն է նպատակը ստեղծել Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, այն էլ վարչապետին կից, այն պարագայում, երբ վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, սակայն դրանք չեն գործում: Պատգամավորը թվարկեց այդ խորհուրդների անունները, ապա ընթերցեց, թե որը քանի տարի առաջ է վերջին անգամ նիստ անցկացրել: «Այս տենդենցով ուզո՞ւմ եք մեզ լավատեսություն հաղորդել, ընտանիքում տեղի ունեցող բռնությունների պատճառները սոցիալական են, իսկ եթե այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը»:
Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ տարբեր խորհուրդներ են գործում, դրանք կարևոր օղակ են գործադիր իշխաության ու հանրության երկխոսության համար:
Պատգամավորն արձագանքեց, թե այսօր թիվ մեկ հիմնախնդիրը պետք է լինի ՀՀ ընտանիքում տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման ամրապնդումը, դրա նկատմամբ ուղղված քայլերը: Ապա հիշեցրեց իրենց հայտնի 15 կետերի մասին՝ հարցնելով, թե օրինակ հենց փոխնախարարը տեղյակ է դրանցից:
«Պետք է հաշվի առնել, որ ես համապատասխան լիազորություններ չունեմ խմբակցության կողմից ներկայացված կետերին պատասխան տալու, բայց նշեմ՝ Կառավարության հիմական նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների ընտանիքների նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, և կարծում եմ՝ Կառավարության գործող ծրագիրը դրան է միտված»,-եզրափակեց Քոչարյանը: