Շիրխանյանին սայլակից գցել են. ցավեր ունի
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 13-ին շարունակվեց Նորք-Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործը:
Գործով ամբաստանյալ , Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից իրեն դատարան բերելիս երկու անգամ աստիճաններից գցել են:
«Դատապարտյալների հիվանդանոցից» սայլակով բերելիս երկու անգամ աստիճաններից ինձ գցեցին, որից հետո ցավեր առաջացան մեջքիս շրջանում»,-հայտարարեց Շիրխանյանը:
Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց շտապօգնություն կանչելու, որը դատարանը բավարարեց:
Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: