Մի կանչեք դատարան.Գևորգ Սաֆարյանը` դատավորին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը:
Դատարան բերվեց նաև մի քանի ժամով դատական նիստից հեռացված Գևորգ Սաֆարյանը:
Դատավորի մուտքը ամբաստանյալները` Հովհաննես Պետրոսյանից բացի, ընդունեցին նստած, ինչի համար դատարանը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:
Դատարանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ բացակայում է ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Ամբաստանյալն ասաց, որ չի առարկում որպեսզի նիստը շարունակվի առանց իր պաշտպանյալի ներկայության: Գեւորգ Սաֆարյանը նկատեց, որ իր պաշտպան Տիգրան Եգորյանը նիստերի դալիճում չի գտնվում:
Գևորգ Սաֆարյանը խոսում էր նստած: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ասաց, որ չի թույլատրում նրան նիստած վիճակում հայտարարություն անել:
«Դուք եք պարտավոր ենթարկվել օրենքին եւ Սահմանադրությանը: Դատարանում պետք է լինի իմ պաշտպան Տիգրան Եգորյանը եւ վերջ, եթե իրեն չեք կանչելու ինձ էլ մի կանչեք: Եթե ձեզ Բաղրամյան 26-ից ասել են, որ անցնի առանց Սաֆարյանի ու Սեֆիլյանի ուրեմն մի կանչեք դատարան»,- հայտարարեց Գևորգ Սաֆարյանը:
Դատարանը մի քանի նախազգուշացումներից հետո Սաֆարյանի նկատմամբ կիրառեց սանկցիա: Գևորգ Սաֆարյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից:
Դատարան բերվեց նաև Ժիրայր Սեֆիլյանը, ով նույնպես հեռացված էր նիստերի դահլիճից:
Նրան դահլիճում ներկա գտնվողները դիմավորեցին ծափահարություններով և բացականչություններով: