Այսօր Իրաքում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն
![](https://henaran.am/wp-content/uploads/2017/10/22405999_1608413245863795_6489864664145401493_n.jpg)
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Իրաքում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն: Բաղդադի զորամիավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի բռնազավթումից վերջնականապես ազատագրել են Հավիջա քաղաքը և դրա ողջ շրջակայքը՝ գոտի, որն ինչ-որ առումով բուֆերային դերակատարություն ուներ մի կողմից Իրաքի կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ գտնվող, իսկ մյուսից՝ Քիրքուքի հատվածում քրդական ուժերի կողմից վերահսկվող, այսպես կոչված, վիճելի տարածքների միջև:
Այժմ արդեն շիա ազդեցիկ հոգևորական այաթոլլահ Ալի Սիստանիի հրովարտակով իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» որոշ նմանությամբ ստեղծված և «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում բավական բարձր մարտունակությամբ աչքի ընկած իրաքյան «Ժողովրդական աշխարհազորը» («Հաշդ ալ-Շաաբի»), որն, ի դեպ, զինված է նաև ամերիկյան զենքով, Քիրքուքի մերձակայքում ուղղակի շփման մեջ է մտնելու քրդական փեշմարգայի զորաջոկատների հետ:
Հաշվի առնելով իրաքյան իշխանությունների հայտարարություներն առ այն, որ Քիրքուքի նավթաբեր շրջանն ամբողջությամբ պետք է վերադառնա Բաղդադի վերհսկողության տակ՝ ռազմադաշտում ստեղծված ներկա իրակույթները լրացուցիչ լարում են ստեղծելու Իրաքի կենտրոնական իշխանությանը և Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը ենթակա զորամիավորումների միջև: