«է՛լ բաց շորեր չհագնես, թե չէ գլուխդ ջարդելու եմ»
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, անհրաժեշտ է լրամշակել, շտկել, հարմարեցնել հայի աշխարհայացքին:
«Այս օրենքի նախագիծը մշակել են եվրոպացիները, իսկ նրանց մենթալիտետը և մեր մենթալիտետը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Մի բարեկամ ունեմ. նա ԱՄՆ-ում է ապրում: Ասում է՝ երեխային ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ նստի, դաս սովորի. վրան բարկանում եմ, ասում է՝ ես ոստիկանություն կզանգեմ, ամերիկայի քաղաքացի եմ, իմ վրա բռնանալու իրավունք չունես», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգը:
Վերջինս շեշտեց՝ բռնություն ասելով՝ պետք չէ հասկանալ միայն ֆիզիկական բռնություն:
«Երբ ամուսինը կնոջն ասում է՝ էլ բաց շորեր չհագնես, թե չէ գլուխդ ջարդելու եմ, սա էլ է բռնություն, չէ՞ որ ամուսինը, փաստորեն, բռնանում է ՝ թույլ չտալով, որ այդ կինը հանգնի իր ուզած զգեստները: Մենք որպես բռնություն ընկալում ենք, օրինակ, այն, որ ամուսինը խմած տուն գնա, կնոջը բտռնի ծեծի, բայց ոչ: Իրականում բռնության տարբեր ձևեր կան, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ կան: Այս օրենքի նախագծի վրա պետք է աշխատեն մասնագետներ, այն պիտի համապատասխանեցվի մեր աշխարհայացքին», – շեշտեց բանախոսը: