Պիտի կարողանանք ինչ-որ մի ժամանակի համար սեղմել մեր գոտիները. Աղվան Վարդանյան
«Բյուջեն դեռ ներկայացված չէ խորհրդարան, բայց այն, ինչ անում է այսօրվա Կառավարությունը, տնտեսական զարգացման իրական հիմքեր նախապատրաստելն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե թանկացումներին զուգընթաց ոչ աշխատավարձերն են բարձրավում, ոչ թոշակները, և ի՞նչ է անում Կառավարությունը նման անհամապատասխանելիության դեպքում: Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր չկա հնարավորություն, որ նաև կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման խնդիր լուծվի, որովհետև առայժմ գնում է օպտիմալացում, կրկնվող գործառույթների բացառում: «Եվ մեր սղաճը շատ նվազագույն է տարեկան կտրվածքով: Իհարկե, հրաշալի կլիներ, որ այդ հնարավորությունները բացվեին, և մենք կարողանայինք նաև այս սոցիալական լարվածությունը մեղմացնող քայլեր կատարել, բայց պիտի կարողանանք ինչ-որ մի ժամանակի համար սեղմել մեր գոտիները, նախապատրաստվել իսկապես հիմքերի ստեղծման, տնտեսական զարգացման հիմքերի ստեղծման: Սա, կարծում եմ, ճիշտ քայլ է»,-բացատրեց նա:
Հարցին, թե այդ հիմքերի ստեղծման գործընթացում է տեղավորվում Ֆինանսների նախարարի հայտարարությունը, որ պետական պարտքն էլի կավելանա, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Պետական պարտքի մեր սահմանը, որքան էլ Կառավարությունն ասի, որ սա մեզ համար ցածր բեռ է և վտանգավոր չէ, բայց արդեն ՀՆԱ-ի 50-ին տոկոսին է մոտենում: Սա իսկապես լարվածություն ստեղծելու է, մանավանդ առաջիկա տարիներին մենք այն կետում ենք գտնվում, որ պետական պարտքի մարման ծանրաբեռնվածությունը մինչև 2020 թվական էական աճելու է: Սա է նաև պատճառ, որ մենք չենք կարողանում սոցիալական ծախսերն էապես մեծացնել»:
Միաժամանակ, ՀՅԴ-ական պատգամավորը շեշտեց, որ վտանգն այստեղ չէ: «Տեսեք՝ մեր բյուջեի նախորդ տարվա ցուցանիշներն անհանգստացնող են, քանի որ բյուջեի 80 տոկոսից ավելին զուտ գնում էր սպասարկման՝ աշխատավարձեր և այլն, և կապիտալ ծախսերի տոկոսը շատ քիչ էր: Այսօր Կառավարության նպատակադրումն այն է, որ տարեցտարի փորձենք գոնե կապիտալ ծախսերն ավելացնել, որոնք ենթակառուցվածքներ են, աշխատատեղեր, հավելյալ արդյունք են ստեղծում, որն էլ վաղն արդեն կարող է բերել նույն սոցիալական խնդիրների ստեղծմանը»: