Վանաձորը թևատարած սպասում է բարեկամների՝ աշխարհի բոլոր անկյուններից
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Վանաձորի օրվա առթիվ:
Սիրելի վանաձորցիներ, ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում այս հրաշալի տոնի առթիվ։ Լոռվա գեղեցկուհին իր դարավոր կենսագրությամբ որքան, որ հին է, նույնքան երիտասարդ ու ծաղկուն է։ Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի տարեգրությունը հարուստ է անուններով և մշակութային ժառանգությամբ։ Այս ամուր հիմքի վրա է վեր բարձրանում բոլորիս մեծ տունը՝ մեր Վանաձորը։
Վստահ եմ՝ յուրաքանչյուր վանաձորցի առանձնահատուկ սեր ու գորով է տածում իր սիրելի քաղաքի հանդեպ։ Նա իր տան արժանապատիվ տանտերն է։
Վանաձորը յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի։ Այն շատ դժվարությունների միջով է անցել։ Խնդիրներ այսօր էլ կան, սակայն կա դրանք հաղթահարելու հաստատակամություն։ Մենք քայլում ենք ձեռքբերումների ճանապարհով։
Վանաձորի օր-ը 2000 թվականից ի վեր համախմբում է բոլոր վանաձորցիներին՝ իրենց տունը շենացնելու, միմյանց սիրելու և սատարելու, տանտիրոջ իրավունքով իրենց համայնքը շենացնելու գաղափարի շուրջ։
Այս տարի տոնի խորհրդին ավելացել է ևս մեկը՝ Վանաձորը՝ բարեկամության քաղաք, որն ավետում է՝ Վանաձորը թևատարած սպասում է բարեկամների՝ աշխարհի բոլոր անկյուններից։ Լոռու մարզկենտրոնն իր բնությամբ, հյուրընկալությամբ, մշակույթով և մարդկային անկրկնելի ռեսուրսով պատրաստ է դառնալ բարեկամության յուրօրինակ կամուրջ՝ արդեն բարեկամ և բարեկամության հայտ ներկայացնող յուրաքանչուր քաղաքի համար։
Թանկագին վանաձորցիներ, կրկին շնորհավորում եմ ՙՎանաձորի օրվա՚ կապակցությամբ, մաղթում եմ երջանիկ և բարեկեցիկ կյանք մեր չքնաղ քաղաքում։
Տոնդ շնորհավոր, Վանաձոր։ Տոնդ շնորհավոր, ձորերիդ նման խորն ու լեռներիդ նման վեհ վանաձորցի։