Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր նկատելի չեն. թուրքագետ
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից`արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առայժմ տեղաշարժեր նկատելի չեն: Իսկ տեղաշարժերի համար, ըստ նրա, որեւէ նախադրյալ է պետք, մինչդեռ նախադրյալներ նույնպես չկան:
“Հնարավոր է, որ Թուրքիան միայն վերանայի իր մոտեցումները հայ-թուրքական հարաբերություններում: Թուրքիան հայոց ցեղասպանության հետ կապված իմիտացիոն քայլեր է ձեռնարկում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` Թուրքիան ձեւական ուզում է ցույց տալ, թե իբր պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել”,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը` Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ այն նոր սկիզբ դարձավ բանակցային գործընթացում: Ըստ բանախոսի` սա նոր ռաունդի սկիզբ է:
“Բայց կա երկրորդ հանգամանք, որ Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում լարվածություն առաջացնել: Սա հստակ մշակված քաղաքականության արդյունք է, որով փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա»,- նշեց բանախոսը: