Մշտապես ցուցումներ են տվել և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛Վարուժան Ավետիսյանը
Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատաքննությունը։ Դատարանը քննեց վկա Աննա Ա.-ին:
Վկայի խոսքով` Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել՝ աշխատելով «Նախախորհրդարան» եւ «Առանցք» հասարակական կազմակերպություններում` որպես թարգմանիչ, լուսաբանել է «Հիմնադիր Խորհրդարան»-ի միջոցառումները՝ երթերը, ցույցերն ու հանրահավաքները:
Վկայն հայտնեց, որ իրեն աշխատանքի հետ կապված մշտապես ցուցումներ են տվել և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛Վարուժան Ավետիսյանը ։ Որոշ ժամանակ անց նա աշխատանքային տարաձայնություններ է ունեցել Սեֆիլյանի հետ և որոշել է դուրս գալ աշխատանքից. «Ես կարծում էի, որ երթերն ու ցույցերն արդյունավետ չեն, որովհետեւ գնալով մարդկանց թիվը նվազում էր: Այդ պատճառով որոշեցի դուրս գալ»։
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։