Վահան Արծրունին կարող է համերգ կազմակերպել, որեւէ խնդիր չկա. Արմեն Ամիրյան
«Առնվազն ոչ կոռեկտ եմ համարում նման ձեւակերպումները, որովհետեւ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ մեր ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որեւէ համերգի կազմակերպման մասին: Եթե ես ձեր լրատվամիջոցնում հայտարարեմ, որ վաղը մամուլի ասուլիս եմ տալիս, դուք չեք հարցնի՞, ինչ ենք կազմակերպում, ինչ ծախսեր են պետք: Մենք ընդհանրապես համերգի մասին տեղյակ չենք եղել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ խոսելով Վահան Արծրունու՝ չկայացած ու կասեցված համերգի մասին:
Նախարարն ասաց, որ կազմակերպիչն իրենց որեւէ կերպ տեղյակ չի պահել: «Ոչ ունենք պայմանագիր, ոչ ունենք պայմանավորվածություն: Ապահովել երեկոյան համերգ, նշանակում է ապահովել լուսավորություն, համապատասխան պայմաններ համերգի համարԿազմակերպիչն ինքն է հանել համերգ, մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է եւ եղանակային պայմանները»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով, իրենց համար միշտ էլ ցանկալի երեւույթ է համերգ կազմակերպելը պատմամշակութային կոթողների տարածքում. «Որեւէ մշակութային կոլեկտիվ, այդ թվում Վահան Արծրունին կարող է համերգ կազմակերպել, որեւէ խնդիր չկա»: