Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ արտգործնախարարությունը հանրաքվեն որակել է հակաիրավական, ապա նշել է, որ իրենք չեն ճանաչելու արդյունքները:
Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ եթե որոշ «ծայրահեղական» խմբավորումներ և «ահաբեկիչներ» վտանգ ներկայացնեն Թուրքիայի ազգային անվտանգությանը, ապա իրենք, օգտագործելով միջազգային իրավունքի դրույթները, ինչպես նաև հիմնվելով Թուրքիայի խորհրդարանի տրամադրած լիազորությունների վրա, համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:
Բացի դրանից իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը կոչ է արվել ցուցաբերել «ողջամտություն» և հրաժարվել հանրաքվեի անցկացումից:
Արտգործնախարարությունը պահանջել է, որ Թուրքիայի քաղաքացիները լքեն իրաքյան Քուրդիստանի սահմանները:
Աղբյուրը նաև նշում է, որ սեպտեմբերի 25-ին առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է քվեարկությունը: Հանրաքվեին իրավունք ունի մասնակցել 5 մլն մարդ: Սպասվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն 72 ժամվա ընթացքում: