Գյումրին խոպանչիների քաղաք չէ, ես դեմ եմ այդ ընկալմանը. պատգամավոր
Գյումրիում թիվ 1 խնդիրը աշխատավայրերի հարցն է. Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը: Նա նշեց, որ շատերը հիմա հանրապետության հայրաքաղաքն ընկալում են որպես արտերկում աշխատող տղամարդկանց քաղաք, սակայն դա այդպես չէ: «Ոչ, Գյումրին խոպանչիների քաղաք չէ, ես դեմ եմ այդ ընկալմանը: Բոլորն էլ գիտեն, որ Գյումրին եղել է ու պիտի լինի մշակույթի, սպորտի քաղաք»,-նկատեց նա:
Հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքն ուղղված ներդրողներին, թե պետք է ներդրումներ անել Գյումրիում, այսպես ասած տեղ հասել է, արդյունքներ կան, պատգամավորը պատասխանեց այսպես. «Ներդրողը բիզնեսմեն է, որն ունի իր շահն, իսկ այդ միջավայրը դեռևս հանրապետությունում չկա: Հարկավոր է ստեղծել այդ միջավայրը, որպեսզի երաշխավորված լինի, որ ռիսկը հասել է նվազագույնի, իսկ գործարարն իմանա, որ իր աշխատած գումարները ՀՀ-ում չի կորցնի: Հարկավոր է իսկապես ստեղծել այն միջավայրը, ստեղծել օրենսդրական դաշտ, որտեղ ներդրողն ապահովագրված է, իսկ ռիսկը նվազագույն է»:
Պատգամավորը նկատեց, որ Գյումրիում գերակա ուղղությունը դրվել է տուրիզմի զարգացմանը, նպատակ է դրվել Կումայրիի արգելոցը դարձնել տուրիստների համար հաճելի վայր եվրոպական մեծ քաղաքների «old town» (հին քաղաք) ասվածների նման: «Այսօր Եվրոպայում գրեթե բոլոր քաղաքներն ունեն հին ու նոր քաղաք, քանի որ հին քաղաքը տուրիստների համար հաճելի վայրն է, կուզենայի՝ Գյումրիի այդ հատվածը տեսնել այդպես»:
Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք կուսակցությունում քննարկում են կոալիցիա վերադառնալու հարցը, ինչին Վարդևան Գրիգորյանն արձագանքեց. «Կուսակցությունում քննարկումներ չեն եղել, իսկ իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի»: