Պետք չէ ոչ մեկին հետ կանչել. ՀՀԿ-ը՝ Վահրամ Բաղդասարյանից
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավում է Վերնիսաժի հարևանությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի համար: «Ես Լոռու մարզից եմ, բայց անձամբ չեմ ճանաչում նրանց»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա: Բաղդասարյանը նշեց, որ որևէ մի երկիր, որևէ պետություն երաշխավորված չէ նման գործողություններից, և իրավապահ մարմինները պիտի կանխպարգելեն նման գործողությունները:
«Մենք բոլորս՝ և՛ մարզպետը, և՛ պատգամավորները պետք է հետևողական լինենք նման երևույթների նկատմամբ, պետք է դատապարտենք, քննադատենք, ու որևէ զիջում չպիտի լինի նման դեպքերի հետ կապված»,-նկատեց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ հայտարարել էր, որ միջադեպում ներգրավված են մարդիկ, ովքեր օգնել են ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին: «Երբ ընտրություններից հետո հետընտրական հետևանքեր ու ակցիաներ չեղան, ցանկացած հանցագործություն ինչ-որ բան ձևով ցանկանում են կապել ընտրության հետ: Լրատվամիջոցների ինֆորմացիայով՝ սա հին պատմություն ունեցող երևույթ է, կապ չունի ընտրությունների հետ, ես տեսած կլինեի այս մարդկանց, եթե ակտիվություն են ցուցաբերել, բայց ոչ մեկի անունը չեմ լսել, չեմ տեսել»:
Ինչ վերաբերում է տեսակետին, որ Վանո Սիրադեղյանին պետք է հետ կանչել, քանի որ նրա ժամանակ ավելի քիչ էին հանցագործությունները, Բաղդասարյանը նշեց. «Ամեն ինչ նայեք համամետության դաշտում, նայեք վիճակագրությունները, թե որ ժամանակներում էր ավելի շատ, չպետք է բավարարվենք նրանով, որ հանցագործությունների ու կրակոցների քանակը կրճատվել է, մենք պետք է արմատախիլ անենք նման երևույթները, այսօր ոստիկանությունն իր դիրքերում է, մենք ոչ մեկին կանչելու կարիք չունենք: Այսօր ամեն ինչ արվում է նման հանցագործությունների բացառման»: