Երեք տարբերակ
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը 3 տարբերակ է տեսնում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախևառաջ կարևոր է հիշել, որ Ադրբեջանն է այս անգամ մասնակցում այդ զորավարժություններին, և հենց սա կարող է լինել պատճառ, որի համար Հայաստանը վերջին պահին հրաժարվեց: «Այս դեպքում լավ կլիներ ուղղակի, որ Պաշտպանության նախարարությունից պաշտոնական հայտարարություն արվեր, բացատրություն տրվեր»,-նկատեց նա:
Մեկ այլ տարբերակ կարող է, ըստ Սաֆարյանի, լինել այն, ինչի մասին բավական շատ փորձագետներ են խոսում՝ ռուսական կողմից պարտադրանք կամ այլ կերպ ասած՝ ճնշում՝ հաշվի առնելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին ժամանակներում շատ են վատացել: «Սակայն այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչու հենց վերջին պահին եղավ այդ հրաժարականը: Եթե ճնշում կար ռուսական կողմից, ապա այն ի սկզբանե պիտի որ եղած լիներ, և հրաժարվելու քայլն էլ պիտի որ ավելի վաղ լիներ»,-ասաց նա:
Քաղաքական վերլուծաբանը ևս մեկ տարբերակ ունի. հնարավոր է, որ ինքնակամ ենք որոշել չմասնակցել: Այս դեպքում ևս, նրա համոզմամբ, կարևորվել է ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը:
Ամեն դեպքում Ստյոպա Սաֆարյանը հակված է կանգ առնել 1-ին վարկածի վրա: Նա նաև հիշեցրեց Գուրգեն Մարգարյանի դեպքը, որին հետևեց նրա սպանողի՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը: