Եթե ես կանցլեր դառնամ, կդադարեցնեմ Թուրքիայի հետ բանակցությունները. Մարտին Շուլց
Առաջիկա ընտրություններում Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուները հեռուստաեթերի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հարցին: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Անգելա Մերկելը և «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Մարտին Շուլցը համատեղ մասնակցել են գերմանական «DAS TV DUELL» հաղորդմանը:
Հաղորդման ընթացքում թե ՄԵրկելը, թե Շուլցը նշել են, որ ցանկանում են Եվրամիության օրակարգ բերել Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման հարցը:
Շուլցը նաև համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է դադարեցնել այս գործընթացի շրջանակներում Թուրքիային տրամադրվող նյութական աջակցությունը: «Եթե ես կանցլեր դառնամ, կդադարեցնեմ Թուրքիայի հետ բանակցությունները: Կարմիր գիծն արդեն հատվել է»,- հավելել է նա:
Իսկ Մերկելը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս պահին Թուրքիայի հետ բանակցությունները առանց այդ էլ չեն շարունակվում: Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ սեպտեմբերի 24-ին կայանալիք կանցլերի ընտրություններից առաջ՝ նախընտրական փուլում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չպետք է դադարեցվեն:
Անդրադառնալով նաև Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրին՝ Մերկելը նշել է, որ հարցի շրջանակներում անհրաժեշտ է մեծացնել Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումները:
Մյուս կողմից, թե՛ Մերկելը, թե՛ Շուլցը նպատակահարմար են համարել Թուրքիայի հետ փախստակաների ներգաղթի կանխարգելմանն ուղղված պայմանգիրը և դեմ են արտահայտվել այդ պայմանագրի դադարեցմանը: