«Ելք»-ում չեն կողմնորոշվում. Հայկական ժամանակ
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, եւ ի՞նչ որոշում են կայացրել:
«Դեռեւս խմբակցությունում չենք քննարկել, երբ քննարկենք, ու որոշում կայացնենք անպայման մամուլի հաղորդագրություն կտարածենք: Այն, որ ԵՏՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքական սխալ էր, դրա մասին մենք դեռ մեր նախընտրական ծրագրում էինք բարձրաձայնել: Խմբակցության կուսակցություններն էլ բազմիցս խոսել են այս կառույցի ոչ օգտակարության, ինչպես նաեւ Հայաստանի շահերին դեմ լինելու, եւ երկրի ինքնիշխանությանը վնասելու մասին: ԵՏՄ-ն որեւէ լուրջ օգուտ չի տվել Հայաստանին եւ հիմա սպառնում են էլ ավելի ավելացնել այն քաղաքական մշակույթը, որն առկա է ԵՏՄ-ում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: