Ալյուրի գինն ամենաբարձրն է հունիսից հետո. ինչ է կատարվում շուկայում
Թանկացել են ալյուրը, շոկոլադը, շաքարավազը, մսամթերքի ու բրնձի որոշ տեսակներ: Մոնիտորինգը ցույց է տալիս, որ թանկացումները տեղի են ունեցել հոտեմբերի երկրորդ կեսին: Ալյուրի ներկայիս գինն ամենաբարձրն է հունիսից հետո: Արմաշի բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը կգ-ի համար բարձրացել է մինչև 231,5 դրամ, իսկ ՛՛Ալեքս գրիգի՛՛ ալյուրը 229 դրամ արժե:
Վերջին 1 ամսում ալյուրը թանկացել է 10 դրամով, սակայն հացի գնի վրա սա դեռ չի անդրադարձել: Հնարավոր է՝ ալյուրը թանկանա առաջիկա շաբաթների ընթացքում ևս, ու դա կթանկացնի հացը: Ալյուրի թանկացումը հետևանք է Ռուսաստանում ցորենի թանկացման, որտեղից էլ այն ներկրվում է Հայաստան;
Վատ լուրեր կան քաղցրասերների համար: Շոկոլադի բազմաթիվ տեսակներ «աննկատ» թանկացել են 20-50 դրամով; Թանկացել են Լեհաստանից ներկրվող ՛՛Ռաֆայելոն՛՛, ռուսական որոշ կոնֆետներ, նույնիսկ տեղական շոկոլադները (օրինակ՝ ՛՛Գրանդ Քենդիի՛՛ ՛՛Արջը հյուսիսում՛՛ շոկոլադը):
Մասնագետներն ասում են, որ սրա պատճառը Կոտ դԻվուարում ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակն է, իսկ այդ երկիրը կակաոյի հիմնական արտահանողներից է: Քաղցրասերները կտուժեն նաև շաքարավազի թանկացման պատճառով՝ ՛՛Երևան Սիթին՛՛ շաքարավազը թանկացրել է 5 դրամով՝ ներկայում կգ-ն արժե 342 դրամ:
Մսամթերքը ևս չի ՛՛հանգստանում՛՛: Սեպտեմբերի թանկացումներից հետո հոկտեմբերի երկրորդ կեսերին նույնպես թանկացումներ են եղել, ընդ որում՝ և երշիկների, և նրբերշիկների մասով: Թանկացում կա և ՛՛Աթենքի՛՛, և ՛՛Բարի Սամարացու՛՛ մամթերքում, թեև դա ոչ բոլոր խանութներում է նկատվում:
Թանկացումները տեղական մսերի հետ ոչ մ ի կապ չունեն, որովհետև տեղական միսը (տավարի, խոզի) գնային փոփոխություն չի կրել: Սակայն թանկանում է ներկրվող միսը: Տեղական մսերից թանկացում արձանագրել ենք միայն իշխան ձկի գնում՝ մոտ 100 դրամ (կգ-ն արժե 2000 դրամ):
Միակ ուրախալի լուրը ձեթի որոշ տեսակների էժանացումն է՝ 10-20 դրամով: Ընդ որում՝ և ռուսական ձեթն է էժանանում, և Կիպրոսից ներկրվող համեմատաբար թանկ ձեթերը: Առայժմ փոփոխություն չկա իտալական ձեթերի գներում, իսկ դրանք մեր շուկայում մեծ պահանջարկ ունեն: