Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հոկեյը Հայաստանում ևս զարգացում ունենա. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մեր երկրում աշխարհի ամենատարածված և սիրված սպորտաձևերից մեկի՝ հոկեյի զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը միջազգային ֆեդերացիային:
Հանրապետության Նախագահը նշել է, որ չնայած հոկեյը Հայաստանում զարգացած չէ, այնուհանդերձ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ սպորտաձևը ևս զարգացում ունենա: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Երևանում շուտով կբացվի հոկեյի երկրորդ մարզադաշտը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխան:
Նշվում է, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռենե Ֆազելին Հայաստանում հոկեյի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար: Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ այդ սպորտաձևը Հայաստանում զարգացման հնարավորություններ և ներուժ ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: