Ոստիկանապետը հավասարվում է պատգամավորին /վիդեո/
”Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” օրենքի նախագծի ընդունման դեպքում միջինը 40 տոկոսով բարձրանում է բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձը: Սակայն քանի որ բարձրացումը ըստ գործակիցների է լինելու, անհամաչափություն է առաջանում:
Մասնավորապես պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների` օրինակ` ոստիկանապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի աշխատավարձերը գրեթե հավասարվում են պատգամավորների աշխատավարձերին: Ստացվում է երկրի ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը իրենց գործառույթներով եւ նշանակությամբ հավասարվում են պատգամավորներին:
Henaran.am-ն այս համաչափության մասին զրուցեց ՀՀԿ-ական պատգամավորների հետ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով` չպետք է տարանջատել ԱԱԾ պետի, ոստիկանապետի և պատգամավորի աշխատավարձը:
”Բոլորը պետք է լինեն բարձր, սահմանի վրա կանգնողի աշխատավարձն էլ պետք է բարձր լինի”,-ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը: ”Պատերազմական իրավիճակը հավասարաչափ վերաբերվում է թե պատգամավորներին, թե լրագրողներին, թե ուժային կառույցներին, որոնք նաև լրացուցիչ գումարներ էլ են ստանում”:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ևս Կառավարության ներկայացրած նախագծի այս հատվածում անհամաչափություն չի տեսնում: ”Հենց պատերազմող երկիր ենք ու հենց այդ պատճառով էլ պիտի պատգամավորների աշխատավարձերն էլ բարձրանան, որպեսզի անընդհատ կարողանանք խորհրդարանական որոշումներ կայացնել”,-ասաց Սահակյանը:
Նրա խոսքով` երբ խոսքը պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանն է առնչվում, բոլորը սկսում են ասել` ”ժողովուրդն այսպիսի ծանր վիճակում է, և այլն, բայց այն պատգամավորներն, ովքեր ինչ-որ բիզնեսի բաժնետեր չեն, աշխատավարձի մի մասը այս կամ այն բնակչի վրա են ծախսում: Պատգամավորն այն մարդն է, որ ուզի, թե չուզի, իր տարածքում ժողովուրդն աշխատեցնելու է ու իր հոգսերով է ներկայանալու՛՛:
ԱԺ մեծամասնության ղեկավարն ընդգծեց, որ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձն էլ պիտի բարձրանա, և չպիտի տարբերություն դնել ուժային կառույցների և պատգամավորների միջև: ”Որպեսզի խարդախությունն ու կաշառակերությունը վերանա, ոստիկանապետի ու բանակի աշխատավարձներն էլ են բարձրանալու”,-նկատեց նա:
Ի դեպ, ոստիկանության համակարգի ներկայացուցիչները խուսափեցին հարցին պատասխանել: Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը ասաց, թե խնդիրն ուսումնասիրության կարիք ունի: ”Չգիտեմ, չեմ ուսումնասիրել ոլորտն, ինչպես ասեմ `նորմալ է, թե ոչ”:
Իսկ ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը հորդորեց դիմել ՛՛02 լրատական՛՛: Ասաց՝ իրավասու չէ պատասխանել: