«Նա էն մարդը չի, որ իր խոսքը քամուն կտա»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավանական չի համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո դառնա վարչապետ: «Նա մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ոչ վարչապետ է ուզում դառնալ, ոչ էլ նախագահ, նա էն մարդը չի, որ իր խոսքը քամուն կտա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի
` օրերս տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ նախագահը պատասխանում է վարչապետ դառնալու վերաբերյալ հարցին: Նախագահը նշում է, որ ինքն այդ մասին չի մտածել, և կարևոր էլ չէ, թե ով է լինելու վարչապետը:
Ահարոն Ադիբեկյանը չի կարծում նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակավոր է այդ պաշտոնին. «Ինձ չի թվում, որ դա այդպես է, Կարեն Կարապետյանն այն դեմքը չի, ով կարողանա իր պաշտոնը «Գազպրոմում» թողնել, գա Հայաստան, որ անցումային շրջանում որոշ ժամանակով լինի վարչապետ: Ընդդիմությունը փորձում է տարբեր եղանակներով և´ վարչապետի, և´ նախագահի հեղինակությունը նվազեցնել, բայց մենք պետք է լինենք համբերատար, որովհետև խնդիրն այն է, թե ով կլինի նախագահ նոր Սահմանադրությամբ, և եթե Սերժ Սարգսյանը մնում է ՀՀԿ-ի նախագահ, նրա կուսակցության անդամները կզբաղեցնեն 3 հիմնարար պաշտոնները` Ազգային ժողովի նախագահ, վարչապետ և վերջապես նախագահ:
Եվ նա կարող է կուսակցական լծակներով ազդել բոլոր որոշումների վրա: Դրանից առավել բարենպաստ դիրք ես չեմ տեսնում ապագայում»,-եզրափակեց նա: