Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքել է թուրք փոխվարչապետի այցի վերաբերյալ Հոլանդիայի հայտարարությանը
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Հոլանդիայի կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի՝ հուլիսի 15-ին Հոլանդիա կատարելիք այցը , այս պահի դրությամբ ցանկալի չէ:
Միջանկյալ նշենք, որ հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:
Ըստ թուրքական « Sozcu » թերթի կայքի՝ մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, որ Հոլանդիայի իշխանությունների նմանօրինակ հայտարարությունը «պարզ ցույց է տալիս, թե ինչպես է այդ երկրում ընկալվում ժողովրդավարություն հասկացությունը»:
Նրա խոսքերով, ըստ ծրագրի՝ նախատեսվում է, որ հուլիսի 15 հետ կապված հիշատակման արարողություններ կանցկացվեն նաև եվրոպական այն երկրներում, որտեղ զգալի թիվ է կազմում թուրք բնակչությունը:
Հեղաշրջման փորձի 1 տարին լրանալու առթիվ Թուրքիայի նախագահի հրամանով, երկրի բոլոր նահանգներում պետք է տեղի ունենան հիշատակման արարողություններ:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի և Թուրքիայի միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: