Մանկատներ կան, որոնք գտնվում են անմխիթար վիճակում
Հայ–ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամը շարունակում է հեռոստամարաթոնների միջոցով գումարներ հավաքել Հայաստանում գործող մանկատները վերանորոգելու համար: Նույն հիմնադրամի ջանքերով օրերս Գյումրիում իր դռներն է բացել ամբողջովին հիմնանորոգված «Լապտերիկ» մանակապարտեզը: Այս մասին «Նոյյան Տապան»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց այս օրերին Հայաստանում գտնվող Հայ–ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամի նախագահ, «Քաջ Նազար» ամսագրի խմբագիր Հովհաննես Բալայանը:
Ըստ նրա` 17 տարի առաջ Գլենդելում մեկնարկած ամենամյա հեռուստամարաթոններից հավաքագրված գումարներով Հայաստանում արդեն իսկ հիմնովին վերանորոգվել է 9 մանկատուն:
«17 տարի առաջ Հայաստանում ապրող փոքրիկներին օգնելու նպատակով հեռուստամարաթոն սկսելու գաղափարն ինձ տվեց Հայաստանում «Ֆիլարմոնիկ կազմակերպության» նախագահ լուսահոգի Լաերտ Մովսիսյանը. Այդ ժամանակ առաջին անգամ հեռուստաեթերում հանդես եկա հայ փոքրիկներին օգնելու կոչով, որին ի զարմանս ինձ` շատ ամերիկահայեր միացան, արդյունքում` հավաքվեց 17 հազար դոլար»,- ասաց Հ. Բալայանը` ընդգծելով, որ Հայ–ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամն Ամերիկայի կառավարության կողմից ճանաչվել է իբրև ոչ նյութական շահույթ հետապնդող կառույց:
«Նրանք ուսումնասիրեցին մեր կազմակերպության գործունեությունը և տեսան, որ մենք աշխատում ենք թափանցիկ և արդար, իսկ հանգանակված գումարները ծառայում են նպատակին: Սա կարևոր է, քանի որ շատ սխալ բաներ էլ են տեղի ունենում, մարդիկ կան, որոնք չարաշահում են օգնություն տրամադրողների վստահությունը»,- փաստեց հիմնադրամի նախագահը:
Հ. Բալայանի փոխանցմամբ` 2008 թվականին Հայաստանում առաջին վերանորոգված մանկատունը Խարբերդի մանկատունն է, արդյունքում` եռհարկանի շինությունն այսօր հիմնովին վերանորոգված է:
Հայ–ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամի ջանքերով` հիմնանորոգվել է Գյումրիում «Էյլիթիա» ուսումնական հաստատության կից երկհարկանի շենքը, որը Հովհաննես Բալայանի առաջարկությամբ և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի համաձայնությամբ անվանակոչվել է «7 Հրեշտակաց մանկատուն»` ի հիշատակ 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի: Հիմնադրամի նախագահի փոխանցմամբ` «7 Հրեշտակաց մանկատանը» հավելյալ օգնություն է ցուցաբերվել նաև մահճակալների և խոհանոցային պարագաների տեսքով:
«Ամեն տարի Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հիմնադրամի կողմից վերանորոգված մանկատների սաները մեկ օր անցկացնում են Արամ Խաչատրյան համերգասրահում, շուրջ 4-5000 երեխաներ մասնակցում են տարբեր հանդեսների, իսկ մեր կազմակերպության Ձմեռ Պապն ու Ձյունանուշն ամանօրյա տոներին ընդառաջ այցելում են սահմանամերձ բնակավայրեր և նվերներ հանձնում այնտեղ բնակվող երեխաներին»,- նշեց Հ. Բալայանը` շեշտելով. «Ճիշտ է, այդ նվերներն այդքան էլ մեծ բան չեն իրենցից ներկայացնում, բայց թեկուզ մեկ կոնֆետն այդ երեխաներին ստիպում է ուրախանալ, իսկ մեզ հոգեպես հանգիստ լինել»:
Նրա խոսքերով` Հայաստանում շատ մանկատներ կան, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և դեռ պետք է վերանորոգվեն վերոնշյալ հիմնադրամի ջանքերով:
Հ. Բալայանի համար ցավալի է, որ հայաստանյան իշխանություններն լուրջ ուշադրություն չեն դարձնում մանկատներում ապրող երեխաներին:
Նրա կարծիքով` Հայաստանում շատ ունևոր մարդիկ կան, որոնց համար չնչին գումար է մանկապարտեզի կամ մանկատան վերանորոգումը:
«Այս երեխաները մեր ապագան են. եթե ուսումնասիրենք պատմությունը, ապա կտեսնենք, որ մեր ժողովրդի ամենամեծ տաղանդներն աղքատ և անապահով ընտանիքներից են դուրս եկել. ես համոզված եմ, որ այս երեխաների մեջ նույնպես Վիկտոր Համբարձումյաններ,Պարույր Սևակներ կան, դրա համար էլ ես իմ ամբողջ ուշադրությունը սևեռում եմ այս երեխաների վրա»,- ընդգծեց բարեգործական հիմնադրամի նախագահը:
Վերջինիս պնդմամբ` Հայաստանում բացակայում է վստահության մթնոլորտը պատկան մարմինների և իշխանությունների նկատմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում ամերիկահայերի կողմից հանգանակություններ կատարելու վրա. «Ամերիկահայությունը շատ լավ գիտի, որ Հայաստանում էլ կան մեծահարուստներ, ովքեր նման նախաձեռնություններով հանդես չեն գալիս, ավելին` շահագրգռված են միայն անձնական շահույթ ստանալով, ուստի որոշ ամերիկահայեր չեն ցանկանում օգնել: Հավատացեք, դրսից միլիարդներ կթափվի այս երկիր, սակայն առայժմ վստահության մթնոլորտի բացակայությունը խանգարում է շատ ամերիկահայերի նյութական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Սփյուռքը պետք է տեսնի, որ Հայաստանն առողջ երկիր է, որ այստեղ ուղարկված գումարը ծառայում է նպատակին, այդ դեպքում շատերը կգան Հայաստան կամ ցանկություն կունենան օգնելու»:
Անդրադառնալով Հայաստանում առկա առաջնահերթ խնդիրներին սփյուռքահայերի աչքերով` Հ. Բալայանը շեշտեց, որ ունենալով հնադարյան պատմություն և շատ տեսարժան վայրեր, այնուամենայնիվ, Հայաստանը չի հետաքրքրում օտարերկրյա զբոսաշրջրիկներին, քանի որ այստեղ չկա հարմարավետություն, նորմալ հանգիստ անցկացնելու պայմաններ:
«Չհաշված որոշ բացառություններ, Երեւանից դուրս գտնվող ճանապարհները խայտառակ վիճակում են։ Հյուսիս– հարավ մայրուղին հսկայական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, ափսոս որ շատ դանդազ է կառուցվում։ Հյուրանոցներն ու խաղատները հիմնականում կենտրոնացած են Երևանի շրջակայքում, ճանապարհներին հանգստի վայրեր չկան: Արագածի գագաթ բարձրացող բարվոք ժանապարհը կնպաստեր Հայաստանի այդ գեղատեսիլ վայրը բազմահազար զբոսաշրջիների այցելությանը, սակայն, ավաղ այդ ճանապարհը եւս ողբալի վիճակում է ։ Շրջաններում գտնվող հնադարյա վանքերի վերանորոգումը թողած` Երևանում արհեստական եկեղեցիներ են կառուցվում։ Հայաստանը միայն Երևանը չէ, մինչդեռ Հայաստանի հեռավոր շրջաններում գտնվող վանքերը վերանորոգելով, մենք զբոսաշրջիկների հոսք կարող ենք ապահովել այդ վայրերը` այդպիսով նպաստելով նաև գյուղացիների կյանքի որակի բարելավմանը»,- եզրափակեց Հովհաննես Բալայանը: