Հայտնի են «Ոսկե ծիրան»-ում ընդգրկված ֆիլմերը
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը: 1100 հայտերից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում կպայքարեն 3 մրցութային ծրագրերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում 12 ֆիլմ է ընդգրկվել:
«Հիանալի ֆիլմեր կան մրցույթում, օրինակ` Չեխիան ներկայացնող Յուլիուս Շևչիկի «Մասարիկը», որն իրենց կինոփառատոնի ժամանակ բոլոր անվանակարգերում մրցանակի արժանացավ: Վրաստանի ֆիլմը` «Խիբուլա»-ն, մի կերպ ենք ընտրել, քանի որ մի քանի հայտեր կային Վրաստանից, բոլորն էլ` լավ ֆիլմեր: Հնդկաստանից էլ ունենք մեկ ֆիլմ` Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան»-ը»,- ասաց նա։
47 ֆիլմից 12-ը կլինեն նոմինացված «Միջազգային խաղարկային» մրցույթում, 16-ը՝ «Միջազգային վավերագրական» մրցույթում և 19-ը՝ «Հայկական համայնապատկեր» մրցույթում:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն էլ նշեց, որ մրցույթում ներկայացված վավերագրական ֆիլմերի համար հայտերն աննախադեպ շատ են եղել:
«Պետք է ասեմ, որ քանակն այս դեպքում չի նշանակում որակ: Ֆիլմերը որակական իմաստով բավականին տարբերվում են իրարից, և մեծամասնությունն այդքան էլ փառատոնային ֆիլմեր չէր: Ինքնաքննադատության, ինքնագնահատման երևույթը մեր կինոմատոգրաֆիստների մոտ մի քիչ ցածր է, ընդհանրապես մեծ արվեստագետներն են ունենում ինքնաքննադատության լուրջ մոտեցում: Սա իմ անձնական կարծիքն է, բայց կարծում եմ, որ ինչ-որ թեմատիկ ու ժամանակային սահմանափակումներ պետք է լինեն: Կառաջարկեի ավելի ռադիկալ միջոց, այսինքն՝ սիմվոլիկ վճար ֆիլմը փառատոն ուղարկելու դեպքում, ինչը շատ փառատոններում ընդունված է: Այս դեպքում ամեն մեկն ինչ նկարում է, չի ուղարկի փառատոն»,- ասաց նա:
Բանախոսների տեղեկացմամբ՝ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ընդգրկված են Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լավ էր լինում», Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայները», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան և այլ ֆիլմեր:
Այս տարի կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը: