Օբյեկտիվ է լինելու
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը դեռևս չի տեսնում, թե ինչ փոփոխություններ է արել վարչապետ Կարեն Կարապետյանի Կառավարությունը գործունեության այս մի քանի ամիսների ընթացքում:
«Ցանկացած Կառավարություն, երբ որ ստանձնում է պատասխանատվություն երկրի համար, պետք է գիտակցի, որ դա բավական ծանր ու պատասխանատու գործընթաց է, և պետք է նկատի ունենա, որ ինչ-որ բան պետք է փոխվի երկրում: Առայժմ ես ինչ-որ բան չեմ տեսել, որ փոխվել է երկրում դեպի դրականը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Տա Աստված, որ լինի այնպիսի Կառավարություն անկախ նրա քաղաքական ներկայացվածությունից, որն ինչ-որ բան կարողանա փոխել, շտկել, դեպի ապագան տանող մթնոլորտ ստեղծել Հայաստանում, բայց էլի եմ ասում` դեռևս նման բան չեմ տեսել»:
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից ներակայցվելիք ծրագրին, ապա Արարատ Զուրաբյանն ասաց, թե «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի ծրագիրը, ինչքան հավատով կներշնչի ու առարկայական ցույց կտա, թե զարգացման ինչ միտումներ կան: «Ժամանակը ցույց կտա, թե որը կլինի մեր խմբակցության դիրքորոշումը»,-շեշտեց նա` հավելելով, որ իրենց խմբակցությունը, բնականաբար, օբյեկտիվ է լինելու, և միայն ընդդիմադիր լինելու պատճառով լավ ծրագրին դեմ չեն քվեարկի: