Թիրախում՝ համասեռամոլությունն ու ՀՀԿ-ն. Իրավունք
Կայքից կայք շրջում են եւ սոցիալական ցանցերում շատ ինտենսիվ, նաեւ՝ ֆեյսբուքային գովազդ պատվիրելու միջոցով տարածվում երկու «դեպք»: Առաջինը՝ լուր, իբր թե Երեւանում ապրում է համասեռամոլների «ընտանիք», որի անգամ ավագ սերնդին ճնշում եւ արհամարհում են հարեւանները: Դա ուղեկցվում է մի տեսանյութով, ուր ինչ-որ մութ, չճանաչվող դեմքերով կերպարներ անհասկանալի, իսկ ավելի ճիշտ՝ շատ հասկանալի «զրույցներ» են վարում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ նույն տեսանյութի էպիզոդների մեծ մասը շրջանառվել էին 6-7 տարի առաջ, եւ այն ժամանակ այդպես էլ չէր հայտնաբերվել «միասեռական ընտանիք», թեեւ «հարեւանների կողմից ճնշվելը» պիտի բերեր նրան, որ ամբողջ Երեւանը կիմանար նրանց ստույգ տեղը: Այսինքն՝ նպատակամղված ձեւով տիրաժավորվում է ակնհայտ սուտ, որը պետք է հանրային վրդովմունքի ալիք հարուցի: Դրանից անջատ չի կարելի դիտել ոչ մայրաքաղաքի կենտրոնում համասեռամոլություն քարոզող գովազդային պաստառների տեղադրման խայտառակ փաստը, ոչ էլ Բրիտանական դեսպանատան կողմից ակնհայտ սադրիչ նպատակներով համասեռամոլների դրոշ պարզելը:
Իսկ երկրորդը՝ իբր թե 20 տարեկան աղջիկ գրում է հոգեբանին, որ 7 տարբեր տղամարդկանց հետ հարաբերություններ է ունեցել, այդ թվում եւ’ այլասերված եղանակով, ու խորհուրղներ հարցնում:Այլասերվածությունը նորմ համարող «մասնագետ» կոչեցյալն էլ ավանդական բարքերին հակադրվելու խորհուրդներ է տալիս… Անշուշտ, նույնպես հանրային վրդովմունքի նպատակ ունեցող տեղեկատվական-քաչոգչական «գործ» է, ու տեղեկատվական-հոգեբանական պատերազմին ծանոթ մարդիկ մազաչափ իսկ չեն հավատում, որ այդպիսի նամակ գրող աղջիկ իրականում գոյություն ունի, եւ հակված են կարծելու, որ այդ ամենը հորինվածք է:
Հիմա հարց՝ ինչո՞ւ են փորձում անպայման կատաղեցնել եւ կտրուկ քայլերի մղել հայ հանրությանը: Արդյո՞ք դա տարրական ապակայունացման նպատակ չի հետապնդում: Նույն ցանցային ռեսուրսների կողմից նկատվում է եւ այլ միտում՝ բոլորը ընկած ծամծմում են այն «շշուկները», իբր Կարեն Կարապետյանը պատրաստվում էր հրաժարական տալ, կամ հակառակը՝ ՀՀԿ-ն փորձում է նրան հրաժարական պարտադրել: Անգամ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի խոսքում երանգներ կան, որ վկայում են, թե ՀՀԿ-ն վարչապետին դռան տեղն է ցույց տալիս:
Բայց դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ասվող այս դատողությունները տարածողները իրենք իրենց հարց չեն ուզում տալ՝ ո՞վ պետք է խանգարի ՀՀԿ-ին որեւէ քայլում՝ դեռեւս «երրորդ ուժի» պատրանքից չհրաժարված ու բացարձակ ապաքաղաքական բազում պատգամավորներ ունեցող Ծառուկյան դաշի՞նքը, որ նոր պետք է կայանա որպես ընդդիմություն, թե՞ «Ելքի» ինը պատգամավորները, կամ այժմ փողոցային պայքարից ինչպես սատանան խունկից փախչող Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի՞ն»:
Անշուշտ, չի կարելի միանշանակ պնդել, թե 2018-ի ապրիլին ինչ փոփոխություններ կլինեն կառավարության կազմում եւ արդյոք կլինի վարչապետափոխություն: Բայց մի բան պարզ է, որ Սերժ Սարգսյանը որպես հմուտ քաղաքական շախմատիստ, շատ լավ է պահում հավասարակշիռ, կայուն իրավիճակն իշխող կուսակցության ներսում: Պարզ է նաեւ, որ կան շրջանակներ, որոնք շահագրգռված են հանրության մոտ տպավորություն ստեղծել, իբր իշխող կուսակցությունը պառակտված է, եւ տարբեր թեւեր այդտեղ իրար ուտում են: Նույն ձեռագիրը չէ՞, ինչ վերը հիշատակված դրվագները, որոնք տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դասական օրինակ են, լինեն դրսից, թե «ներսից»՝ էմիսարների միջոցով:
Վերագգային գլոբալիստական կենտրոնները տեսան, որ Հայաստանում «գունավոր» տեխնոլոգիաները, «քեռի Սեմի» ու «քեռի Սորոսի» հեղափոխական փողերը չեն աշխատում: Ուրեմն մնում է փորձել խաղալ հայ հանրության այլ նուրբ լարերի վրա՝ գործելով ցինիկ գրոհներ ընդդեմ ավանդական բարոյականության, միաժամանակ մատուցելով ակնհայտ ստեր, ինչպես բանակի, այնպես էլ իշխող կուսակցության ներսում տիրող իբր «խառնաշփոթ» վիճակի մասին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: