Նորից ցեխ են շպրտում, նորից այդ Բագրատյանը
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գնահատելով եվրոբոնդերի վաճառքի գործընթացը՝ ասաց, որ դրանք թույլ են տալիս նվազեցնել պարտատոմսերը պետական պարտքի շրջանակներում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ որոշ ընդդիմախոսներ փորձում են կասկածներ հարուցել եվրոբոնդերի գործընթացների շուրջ և սևացնել այդ գործընթացը՝ պետք է այդ մասով պարզաբանումներ ներկայացնել.
՛՛Այդ գործընթացում առաջինը մենք աշխատել ենք աշխարհի լավագույն կազմակերպությունների հետ, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ, որոնց հեղինակությունն այս շուկայում նույնպես կասկած չի հարուցում, հաջորդը՝ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրյուքով՛՛:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ շնորհիվ այդ տեղաբաշխման կլինեն տնտեսումներ, իսկ իրենց գործողությունները կնպաստեն տոկոսադրույքների նվազեցմանը: Նա նշեց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ դրական են գնահատել այդ գործընթացը.
՛՛Վերջերս էլ արժույթային հիմնադրամը տվեց իր գնահատականը, որ դա իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար: Սա բացառիկ հնարավորություն է ստեղծում մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավվելուն: Այսինքն՝ ստացվում է մատչելի միջոցներ ֆինանսական շուկայում, ավելի ցածր տոկսադրույքներ:
Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ այդ պարտատոմսերը 152 ներդրող է ձեռք բերել, ինչը լավ շուկա է համարվում, 42%-ը ԱՄՆ-ի ներդրողներ են, իսկ ներդրողների աշխարհագրությունը ծածկում են բոլոր ֆինանսական կենտրոնները:
՛՛Մեր երկրում բազմաթիվ թերություններ ունենք, բազմաթիվ բացթողումներ, դա թողած՝ ընկել են դրական բաների վրա ցեխ շպրտելու հետևից: Ուղղակի մարդիկ կան, որ ցանկացած ձեռքբերման վրա ուզում են ցեխ շպրտել՛՛,-շեշտեց վարչապետը:
Հիշեցնենք, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարել, որ եվրոբոնդերի նման տեղաբաշխումը պետության նկատմամբ անարգանք է: