Գալիս են, գնում են, մաքրվում են կեղտերը … եթե Սերժ Սարգսյանը պաշտոն էլ չունենա
«Սերժ Սարգսյանը եթե ցանկանար միայն ինքն իրեն ապահովեր, դրա արդյունավետ ձևերը կարող էր նախապատրաստել, թողներ կիսանախագահական կամ դարձներ նախագահական, ինչպես կողքի հարևաններն արեցին, ապահովեր իր իրավահաջորդին: Դա ավելի հեշտ գործ էր, քան համակարգային փոփոխություններ անելը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն` անդրադառնալով կրկին շահարկվող տեսակետին, թե նախագահ Սերժ Սարգսյանն իր իշխանության ամրապնդման համար է ՀՅԴ-ի հետ կոալիցիայի գնացել:
Լ. Ալեքսանյանն ընդգծեց, թե Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է երկրի վիճակը: «Նա 90 թվականից ղեկին է, նա պատասխանատու է նաև անցյալի համար և պինդ, շատ, հետևողական ուզում է վերափոխել այս երկիրը: Մարդն ունի երեխաներ, թոռներ, շատ լավ հասկանում է, որ նրանք էլ են այս երկրում ապրելու, ու, լինելով հայ մարդ, կարող եմ ասել, որ նա ուզում է երկրի վիճակը փոխել»,-հավելեց նա:
Ալեքսանյանն ընդգծեց, որ իշխանության համար միշտ էլ պայքար կա, սակայն կուսակցության առաջնորդը թույլ չի տա, որ ՀՀԿ-ում իշխանության համար 2018 թվականից հետո անվերահսկելի իրավիճակ առաջանա:
««Հանրապետականը» շարժուն մեխանիզմ է, գալիս են, գնում են, մաքրվում են կեղտերը, սակայն Սերժ Սարգսյանը տիրապետում է իրավիճակին, և եթե նա պաշտոն էլ չունենա, ինքն իր դերն ու տեղը ՀՀԿ-ում կունենա, այսինքն` միայն պաշտոնով չի պայմանավորված»: