Հնի ու նորի կապն է պետք գտնել․ թանգարանային գիշերը Գյումրիում /ֆոտո, տեսանյութ/
«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» այս խորագրով թանգարանները նախապատրաստվել էին տարբեր ցուցադրություններ ու միջոցառումներ: Գյումրիում այս ընթացքում ամենամարդաշատը Գյումրու «Վարպետաց» փողոցն է, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյան թանգարանները:
-«Թանգարանային գիշեր» կազմակերպվում է արդեն մի քանի տարի: Օրինակ անցյալ տարի աննախադեպ այցելությունների թիվ ունեցանք՝ մոտ 2900 այցելու, մեզ թվում էր, թե արտագաղթը կարող է ազդել կամ նախորդ տարիներին արդեն տեսել են ցուցանմուշները ու գուցե քիչ մարդիկ գան, բայց ամեն տարի զարմանում ենք, որ նորից ու նորից գալիս են՝ ընտանիքներով, կարծես դարձել է ավանդույթ- նշում է Ավ. Իսահակյան թանգարանի գիտաշխատող Սուսաննա Մնացականյանը:
Թանգարանների այցելուները ոչ միայն ծանոթանում էին ցուցադրություններին, մասնակցում միջոցառումներին, այլ նաև իրենք, սեփական ցանկությամբ, երգում կամ պարում էին՝ ամբողջացնելով մշակութային միջոցառումները:
Իսկ Հովհանես Շիրազի հուշատուն թանգարանում Շիրազի գիմանկարի ցանցապատկերն էին պատրաստել, որի վրա ամեն այցելու մի կոճգամ էր ավելացնում ու հիշում շիրազյան տողերը: Կեսգիշերին արդեն մայրապաշտ բանաստեղծի պատկերը արդեն պատրաստ էր:
Գյումրիի <<Ստիլ>> ցուցասրահում էլ ներկայացվեց հայ արվեստագետների 80-90-ական թվականների ստեղծագործությունները, որը կարևոր համարեցին գեղանկարիչները: Գյումրիում չկա պատկերասրահ, բայց որոշ ցուցանմուշների գոնե կարելի է ծանոթանալ նման փոքր ցուցադրությունների ժամանակ:
Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ <<Թանգարանային գիշեր>> ծրագրով միջոցառումների ցանկը մի փոքր աղքատիկ էր, նոր ցուցադրություններն ու նոր լուծումները քիչ, ինչը նկատեց նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու հանձնարարեց թարմություն ու նորարական մոտեցում այս հարցում:
Իսկ արվեստաբան Արաքս Մարգարյանը գնահատելով <<Թանգարանային գիշեր>> միջոցառումները շեշտեց, <<Հիմնական խնդիրն այն է, որ մշակույթի զարգացման կոնցեպցիան հնի վրա նորը կառուցենք: Մենք իբրև գյումրեցիներ սիրում ենք ավանդականը, բայց աշխարհը առաջ է գնում ու շատ կարևոր է զգալ էդ իմպուլսները: Նաև գյումրեցին ընկալում է նորը, թարմը: Մենք պետք է կարողանանք չշեղվել դասական արվեստից, դասականի վրա կառուցել, որովհետև միտում կա ժխտել, շեղվել ավանդականից, դասականից, որովհետև կոնցեպտուալ արվեստը ավելի լավ է վաճառվում, ավելի շուտ է արվեստագետը առաջ գնում: Բայց չէ որ ավանդականը հիմքն է ու պետք չէ կտրվել արմատներից հրապուրվել նոր բաներով: Հնի ու նորի կապն է պետք գտնել, որ անհրաժեշտ է և արվեստագետներին, և թանգարաններին: Բայց, ցավոք սրտի, մենք կամ էնտեղ ենք, կամ էնտեղ, ես ոչ մի տեղ նորի և հնի զուգորդում չեմ տեսնում, երբ լինի դա , ամեն ինչ ավելի հետաքրքրիր կլինի>>: