՛՛Թեժ՛՛ ամլություն
Ինչպես երևում է, թեժ աշնան ակնկալիքներն այդպես էլ չիրականացան: Ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարողանում քաղաքական դաշտում գտնել սեփական դերն այնպես, որ ապահովվի անհրաժեշտ վստահության քանակությունը, որն էլ կհասունացնի քաղաքական այս կամ այն գործունեության իրականացումը՝ կապված իշխանության նվաճման կամ բաշխման հետ:
Այսպիսով, խաթարվել է հասարակական ինտեգրացիան, որը, այս դեպքում, պետք է իրականացներ ընդդիմությունը, բայց, ինչպես երևում է, վերջինիս մոտ այդպես էլ չի հաջողվում ապահովել այնպիսի կոնսենսուսային վիճակ, որը կհամախմբի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը:
՛՛Թեժ՛՛ աշնան մեկնարկը որոշեց դնել Րաֆֆին, ում՝ միասնական հանրահավաք անցկացնելու կոչին, ըստ մամուլի տարածած տեղեկատվության, ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն չարձագանքեցին, փոխարենը նրան միացավ Պարույր Հայրիկյանը: Ինչպես երևում է, թեժ աշնան ակնկալիքներն այդպես էլ չիրականացան, որը կարող էր նոր որակ հաղորդել հասարակական հարաբերություններում, հատկապես, մաքսայնացման ֆոնին:
Ցավոք, այս կարևորագույն կոնտինգետն այսօր լուրջ խնդիրներ ունի, որը բացասաբար է ազում քաղաքական համակարգի կենսունակության վրա: Այդ իսկ պատճառով, վերջին շրջանում հասարակական շարժերը, ինքնակազմակերպումը, սոցիալ-քաղաքական ակտիվությունը դուրս են եկել քաղաքական ուժերի գործունեության ոլորտից. ուրվագծվում է սոցիալմշակութային մի խճանկար, երբ հասարակությունն ինքն է փորձում ձևավորել քաղաքական օրակարգ: Սա թեև հետաքրքիր իրողություն է մեր երկրում, սակայն քաղաքական ուժերի ամլությունն ազդում է համակարգի պտղատվության վրա:
Արման Սահակյան քաղաքագետ