«ՀՀ-ում վերջնականապես մահացավ ընտրությունների ինստիտուտը»
«Ապրիլի երկուսին տեղի ունեցած ընտրություններին նայելով՝ կարող ենք ասել ՝ ՀՀ-ում վերջնականապես մահացավ ընտրությունների ինստիտուտը: Երևանի ավագանու ընտրությունները դե յուրե այդպես կկոչվեն, բայց այն դե ֆակտո ընտրություն չի լինի. դա լինելու է քվեարկության միջոցառում: Համապատասխանաբար կբաժանվի գումար, արդյունքում ձայներ կհավաքվեն», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Վերջինս շեշտեց՝ այն տեխնիկական սարքավորումները, որ կային ապրիլյան ընտրություններին՝ մատնահետքեր վերցնող սարքավորումները, տեսախցիկները, ընտրական գործընթացին ոչ թե օգնեցին, այլ խանգարեցին, քանի որ ընտրակաշառք վերցնողների ավելի քան ինսուն տոկոսը հավատացած է եղել, թե այդ սարքավորումների միջոցով պարզ է դառնալու՝ ինքն ում է ընտրելու և, ուրեմն, ընտրակաշառք վերցնողը այլ բան չէր կարող անել, քան ընտրել այն թեկնածուին, ումից գումար էր ստացել:
«Այս ընտրությունները ցույց տվեցին՝ մեր հասարակության իրավագիտակցությունը մահացել է, իսկ սրանից կարելի է ենթադրել՝ մայիսի 14-ին կայանալիք ՝ Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես նշեցի, դե ֆակտո կլինի ոչ թե ընտրություն, այլ քվեարկության միջոցառում», – եզրափակեց քաղտեխնոլոգը: