Ակնհայտ տարաձայնություններ կան
«Ես կարծում եմ, որ առանձնապես տարբերվող խորհրդարան չունենք, միայն թե նոր խորհրդարանում հետաքրքիր մի հանգամանք կա, որ փաստացի 4 ուժերից 2-ը դաշինքներ են, այսինքն՝ տարբեր ուժերի միավորումներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսին է նորընտիր Ազգային ժողովը:
«Ինքնին բավական մեծ շահերի բախում կա նաև «Հանրապետականի» ներսում, և այս իմաստով ունենք մի խորհրդարան, որտեղ բավական ցվրված ուժեր են, որոնք կենտրոնացված են 3 կետերում, և շատ հետաքրքիր է, թե արդյոք այդ կենտրոնցվածության 3 կետերը կմնան իրենց այն վիճակով, ինչով որ հայտնվել են խորհրդարանում, ինչ տեսք կունենան մի որոշ ժամանակ անց»:
Հարցին, թե ինչ դերակատարություն կունենա «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում, Հակոբ Բադալյանը պատասխանեց. «Դա համակարգային ուժ է, այստեղ որևէ պատրանք լինել չի կարող, միևնույն ժամանակ Ծառուկյանի ընդդիմադիր լինելն էլ այնպես չէ, որ թատրոն է, և բերել են, որ հասարակությանը խաբեն: Իհարկե, կան ակնհայտ տարաձայնություններ Ծառուկյանի և իշխանական տարբեր թևերի միջև, հարցն այն է, թե մինչև որ սահմանն է «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր, Ծառուկյանն ինքը մինչև որ սահմանն է ընդդիմադիր, որովհետև, ինչպես նշեցի, դաշինքում կան տաբեր ուժեր, և շատ մեծ հարցական է՝ այդ ուժերի պատկերացումներն ինչպիսին են ընդդիմադիր գործունեության մասին»:
Հ. Բադալյանը շեշտեց, որ նախորդ խորհրդարանի փորձով էլ տեսանք, որ խնդիրները տարիների ընթացքում դրսևորվեցին. «Եվ ընդհանուր առմամբ մի քաղաքական իրավիճակ է, երբ վերջին տասնամյակում իշխանությունը հանդես է գալիս 2 դեմքով՝ թե իշխանություն որպես, թե ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի»,-եզրափակեց նա: