Ինչո՞ւ է Վարդուհուն ինքնասպանության հասցնելու գործը դանդաղում
Երեւանում մարտի 7-ին նախնական տվյալներով՝ շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանին ինքնասպանության հասցնելու համար հարուցված քրեական գործում լուրջ տեղաշարժ դեռևս չի նկատվում:
Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդուհի Սարոյանի փաստաբանը՝ Հասմիկ Մարտիրոսյանը և հավելեց, որ նախաքննության ժամկետները արդեն ավարտվել են:
«Հնարավոր է փորձագետի եզրակացություններ են ստացվում, բայց սա ես ընդամենը ենթադրում եմ»,-նշեց Հասմիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ ինքնասպանությունից շաբաթներ առաջ Վարդուհի Սարոյանը հայտարարել էր, որ ունեզրկվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Երևանի բնակիչ՝ Տիգրան Տեր-Մարգարյանի (ով Վարդուհու քրոջ ամուսինն է և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է) պատճառով։
Վարդուհու փաստաբանն էլ մեզ հետ զրույցում չէր բացառել, որ դա կարող է կնոջն ինքնասպանության հասցնելու պատճառը լինել։
Հասմիկ Մարտիրոսյանը վստահ է, որ օբյեկտիվ քննության արդյունքում միանշանակ ի հայտ կգան մեղավորները:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի:
Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական: