Մի ուրիշ զգացում է. ապրիլյան պատերազմի մասնակից
«Մի ուրիշ զգացում է, երբ ժողովուրդը հիշում է մեր զոհված, հերոս ընկերներին». ապրիլյան պատերազմի մասնակից
Ապրիլի 10-ին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքարի մոտ, հարգանքի տուրք մատուցվեց ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին: Ներկա էին նաև 2016թ. ընթացքում «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ստացած զինծառայողները։
Նշենք, որ անցյալ տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի համագործակցությամբ զբոսայգում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը փաստեց, որ հանրապետության տարբեր հատվածներում այսօր տեղադրված են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարեր, որոնցից մեկն էլ սա է. «Ամեն տարի պարտավոր ենք այստեղ հարգել ու հիշել այդ հերոս տղաների հիշատակը: Առանձնահատուկ և տպավորիչ է այն, որ քառօրյա պատերազմի մասնակից երիտասարդների հետ ենք հիշում իրենց մարտական ընկերներին»:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ բուհից շուրջ 30 ուսանողներ են մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին. «Ինչպես ցանկացած հայաստանցի, հայաստանյան կազմակերպություն, մենք ևս անմասն չմնացինք, փորձեցինք մեր հնարավորությունների սահմաններում աջակից լինել, օգնել քառօրյա պատերազմի մասնակիցներին: Այդ օրերին Արցախում էր գտնվում մեր ուսանողական խորհրդի ներկայացուցչական խումբը: Համալսարանը և ուսանողական խորհուրդը միշտ կապված են բանակի ու զորամասերի հետ. տարեկան մի քանի անգամ լինում են այցելություններ հայաստանյան զորամասեր»:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Հարություն Բադալյանն անկեղծացավ, թե իրենց համար մի ուրիշ զգացում է, երբ ժողովուրդը հիշում է իրենց զոհված ընկերներին ու հերոսներին. «Նման հուշարձանների տեղադրումն էլ մի միջոց է երիտասարդ սերնդին դաստիարակելու, որ տեսնեն, թե ինչպես են իրենց տարիքի և իրենցից փոքր երիտասարդները դարձել հերոսներ»:
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հարգանքի տուրք մատուցելուց հետո ՀՊՏՀ-ում անցկացվեց նաև հուշ-ցերեկույթ՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։