«Բարով եք եկել Հայրենիք».Հրանուշ Հակոբյան
Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:
Այս փուլով Հայաստան է այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:
Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել Հայրենիք, սիրելի՛ պատանիներ և աղջիկներ: Ձեզանից շատերի համար սա առաջին այցն է Հայաստան և վստահ եմ, որ այն անմոռանալի կդառնա ձեզ համար, և դուք կվերադառնաք Ֆրանսիա՝ կրկին Հայաստան գալու ցանկությամբ, երազանքով: Շնորհակալ եմ «Ս. Մեսրոպ- Արապեան», «Դպրոցասեր» և «Համազգային» վարժարանների ուսուցիչներին և աշակերտներին ուղեկցող ողջ անձնակազմին: Վստահ եմ, որ մեր երեխաները շատ բան են լսել և շատ բան գիտեն իրենց երկրի պատմության, գրականության, մշակույթի մասին, և այդ ամենի համար նրանք պարտական են իրենց ուսուցիչներին և ծնողներին»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանին՝ 11 տարի շարունակ Ֆրանսիայի հայկական վարժարանների աշակերտների այցը Հայաստան հովանավորելու համար: «Հայաստան բերելով օտար ափերում մեծացած երեխաներին՝ Դուք նրանց հնարավորություն եք ընձեռում տեսնել իրական Հայրենիքը, մեր վանքերն ու Մատենադարանը, Զվարթնոցն ու Սևանը, այլ պատմամշակութային վայրերը, որից հետո նրանք որտեղ էլ ապրեն և ինչ էլ անեն, միշտ հայ կմնան և միշտ կձգտեն վերադառնալ Հայաստան»:
Այնուհետև նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ և գլխարկ հագցրեց ամենակրտսեր մասնակից Ալֆորվիլի «Ս. Մեսրոպ-Արապեան» վարժարանի սան Հարություն Վրթանեսյանին:
«Ս. Մեսրոպ-Արապեան» կրթարանի անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրարփի Կոսոյանը: Նա նշեց, որ երեխաներն անհամբերությամբ և մեծ սիրով են սպասում Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններին:
Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի ուսուցչուհի Նոռա Պարութճեան-Պասիքեանը կարևորեց արևմտահայերենը Հայաստանում գործածական լեզու դարձնելու անհրաժեշտությունը: «Այդ դեպքում հայերենի արևելահայ և արևմտահայ ճյուղերով խոսողներն իրար արագ հասկանալու արգելք այլևս չեն ունենա», -նշեց նա:
Բարերար Սարգիս Բեդոյանն իր խոսքում նշեց. «Շնորհակալություն, սիրելի՛ տիկին Հակոբյան, Ձեր ջերմ ընդունելության համար: Դուք ամեն տարի սիրով եք ընդունում մեր երեխաներին: Այո՛, անհրաժեշտ է, որ մեր պատանիներն ու աղջիկները տեսնեն իրենց հողը, որոնվետև նրանք են մեր ապագան, մեր վաղվա զինվորները»:
Միջոցառման ընթացքում արիտունցիները երգեցին և արտասանեցին հայ հեղինակների, գրողների ստեղծագործություններ: Կոմիտասյան կատարումներով հանդես եկավ Արարատյան թեմի «Ծաղկազարդ» համույթը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ: