06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնատար անձանցից ակնկալվում է մի շարք հարցերի պատասխաններ

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” շարժման նախաձեռնող խումբը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նամակներ է հղում: Պաշտոնատար անձանցից ակնկալվում է մի շարք հարցերի պատասխաններ:

Այս պահին կենտրոնական փոստատանը նախաձեռնող խմբի անդամ Գարգին Չուգասզյանը նամակները պատվիրված կերպով ուղարկում է համապատասխան ատյաններով: Սա արվում է լրագրողների ներկայությամբ, որպեսզի հետագայում պաշտոնատար անձինք չհրաժարվեն` ասելով, թե չեն ստացել նամակները:

Նամակը` ստորեւ: 

Երեւանի քաղաքապետ՝ պրն. Տ. Մարգարյանին

ՀՀ մշակույթի նախարար՝ տկն. Հ. Պողոսյանին

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ՝

պրն. Ե. Զախարյանին

ՀՀ գլխավոր դատախազ՝ պրն. Ա. Հովսեփյանին

ՀՀ ոստիկանության պետ` պրն. Վ. Գասպարյանին

 

Ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության զանգվածային բոլոր լրատվամիջոցներով ու նաեւ Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել է Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող և հանրապետական հուշարձանների շարքում դասվող Ծածկած շուկան սեփականատիրոջ կողմից բարբարոսաբար վնասելու մասին: Ձեզ հայտնի է նաեւ, որ Ծածկած շուկայի սեփականատերը երկու անգամ տուգանվելուց հետո անգամ չի անսացել պետական ատյանների հրահանգներին ու ոչ միայն համառորեն շարունակել է ապօրինի վերակառուցումը, այլև հայտարարել, որ սույն թվականի սեպտեմբերի կեսին ամենայն շուքով ու հանդիսությամբ կազմակերպելու է ապօրինի շինությունը շահագործման հանձնելու արարողությունը:

Փաստորեն`ձեր աչքի առաջ տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և ըստ էության նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների:

Վերը նշվածի հաշվառմամբ ձեզանից ակնկալում ենք պատասխաններ ստանալ հետևյալ հարցերին.

1. Ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց հանրապետական հուշարձան Ծածկած շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը:

2. Ինչու մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվում հանրապետական հուշարձանը վնասելու ձևով  քրեական հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

3. Ի՞նչ իրավական հիմքերի վրա է Ծածկած շուկայի կառուցապատողին իրավունք վերապահվելու շահագործման հանձնել իր անշարժ գույքը հանրային սպասարկման նպատակով, եթե այն հիմնովին վերակառուցվել է առանց սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, առանց շինթույլտվության. առանց շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային վերահսկողության ապահովման:

3. Պետական լիազոր մարմինների ո՞ր պաշտոնյաներն են, որ պետք է վավերացնեն ապօրինի վերակառույցի շինարարության ավարտական ակտը, եթե առկա չեն շինթույլտվության հիմքերը:

4. Հնարավոր է արդյոք, որ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրը փաստագրի ու օրինականացնի այլակերպված պատմամշակութային հուշարձանը առանց վերակառուցումը փաստարկող ավարտական ակտի:

5. Եվ, վերջապես, գիտակցում են արդյո՞ք ծածկած շուկայի բարբարոսության գործառույթում ներգրավված ու դեռ ներգրավվող պաշտոնյաները, որ այս ամենը չի մոռացվելու ու վաղ թե ուշ նրանք բոլորը հայտնվելու են արդարադատության առջև՝ հատուցելու համար ազգային մշակույթին հասցված նյութական ու բարոյական վնասը:

 

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»

շարժման նախաձեռնող խումբ                                           Երևան, 10 սեպտեմբերի, 2013 թ.

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ