Առաջին տվյալները ռեյտինգային թեկնածուներից
Henaran.am-ը ներկայացնում է այս պահին որոշ տեղամասերից ստացված նախնական տվյալները ռեյտինգային թեկնածուների քվեների վերաբերյալ: Այսպիսով, Վայոց Ձորի Արենի համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից առավելագույն քանակությամբ ձայներ են հավաքել ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը՝ 492 քվե, իսկ «Ծառուկյան» դաշինքից ձայների առյուծի բաժինը ստացել են Սերգեյ Բագրատյանը և Դավիթ Հարությունյանը: Զրույցի վերջում Արենիի համայնքապետը վստահեցրեց՝ ընտրությունը անցել է առանց միջադեպերի ու անախորժությունների:
Լոռու մարզի Շամլուղ քաղաքում առաջադրված ռեյտինգային թեկնածուների ստացած քվեների բաշխավածությունը հետեւյալ պատկերն ունի. ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը` ՀՀԿ-ից ստացել է 155 քվե, «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը` դարձյալ ՀՀԿ-ից
74 քվե, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 10 քվե, եւս 5 քվե ստացել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը:
ՀՅԴ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը Շամլուղում ստացել է ավելի քան 50 քվե, «Ծառուկյան դաշինքից» 65 քվե է ստացել Արթուր Դալլաքյանը, 15 քվե ԵԼՔ-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը եւ ՀՎԿ-ի ներկայացուցիչը` 20 քվե:
Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր/Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքները, առաջատարը ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն է, նրան հետեւում է դարձյալ ՀՀԿ-ն ներկայացնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Երրորդն այս ընտրատարածքում «ԵԼՔ»-ից Մանե Թանդիլյանն է:
Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն առաջատարը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է` պետգույքի գործակալության ղեկավար Արման Սահակյանը, ում հետեւում են Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը դարձյալ ՀՀԿ-ից:
Մայրաքաղաքում զգալի թվով քվեներ` 20 000 եւ ավելի ձայն են ստացել ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը, Ռոբերտ Սահակյանը, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Հակոբ Բեգլարյանը: Սամվել Ալեքսանյանը հավաքել է բավական մեծ թվով ձայն՝ 34 155։ Լոռու մարզում ռեկորդային ցուցանիշ է գրանցել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը :