Դա բացառապես Հայաստանի որոշումն է. Աշոտյանի հայտարարությունը Բրյուսելում
Բրյուսելում շարունակվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովը, որին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում են կուսակցության փոխնախագահ, ԿԳՆ Արմեն Աշոտյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Henaran.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը պատմեց, որ իրենք հայտարարել են, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բացառապես Հայաստանի ընտրությունն է և այն բխում է մեր ազգային շահերից:
”ՀՀ նախագահի որոշումը կայացված է՝ հաշվի առնելով, համադրելով բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ և ելնելով Հայաստանի և իր քաղաքացիների համար ամենաբարենպաստ տարբերակը ընտրելու գերակայությունից”,-ասել է Աշոտյանը:
Մեր պատվիրակները հայտնել են նաև, որ Հայաստանը ցանկանում է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ եթե դա հնարավոր չէ Խորը ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրի շրջանակներում, ապա կարելի է առանց դրա Ասոցացման համաձայնագիրը վերամշակել և նախաստորագրել այն:
”Հայաստանի եվրոպականացումը կապված չէ քաղաքական դիրքորոշումներից, դա քաղաքակրթական իրողություն է, Եվրոպայի հետ մենք ընդհանուր արժեհամակարգային հիմք ունենք` քրիստոնեական բարոյագիտության վրա խարսխված: Մենք ունենք Եվրոպայի աջակցության կարիքն այսօր, ավելի քան երբևէ, որպեսզի շարունակենք քաղաքական բարեփոխումների այն փաթեթը, որը հաջողությամբ իրականացրել ենք վերջին տարիների ընթացքում”,—հավելեց նախարարը:
Սակայն, նրա խոսքով, Հայաստանի մասին քննարկումները եվրոպացի գործընկերներն ավելի շատ դիտում են որպես Արելյան գործընկերության գործընթացի մաս, և այն միայն հայաստանյան խնդիրներով չէ թելադրված եվրոպացի գործընկերների այսօրվա արձագանքները: ”Բայց մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակում, ավելի հանդարտ և խորքային վերլուծությունների արդյունքում իրենք կվերագնահատեն այն ահռելի աշխատանքը, որն արվել է Հայաստանում իրենց կողմից և բարեփոխումների կես ճանապարհից Հայաստանը մենակ չի մնա”,-շեշտեց ՀՀԿ փոխնախագահը:
”Մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա ”վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում”,-նշեց նա:
Նշենք նաև, որ ”Ժառանգություն” կուսակցությունն այնտեղ ներկայացնում է Ստեփան Սաֆարյանը, ով Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
”Այսօր ԵԺԿ -ը քաղաքական համաժողովն իր բանաձևով ոչ միայն դատապարտեց Ռուսաստանի քայլերը Արևելյան գործընկերության անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի հանդեպ, այլև հստակ նշեց, որ Մաքսային միությանն անդամակցությունը անհամատեղելի է Ասոցաման համաձայնագի ու Խոր և համապարփակ ազատ աևտրի համաձայնագրի ստորագրման հետ: Մի խոսքով՝ կա’մ.. կա’մ…”: