Մենք գնում ենք ճիշտ ճանապարհով. Հ. Նաղդալյան
Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները արդեն կայացած փաստ են՝ ընտրությունների մասնակցության մասին ԿԸՀ տվյալներից ելնելով.
-Ապրիլի 2-ին ՀՀ պետական ռեգիստրում գրանցված 2, 5 ընտողները 12 ժամ ունեին ինը քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելու: Հիմա, երբ արդեն ավարտվել է քվեարկությունը ու կան էքզիթ-փոլի արդյունքները, կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարեց շատ կարևոր քայլ իր առաջընթացի ու անվտանգության ճանապարհին, շատ կարևոր քայլ պետականաշինության ճանապարհին: Այսօր մենք ազգովին հաստատեցինք, որ երկու տարի առաջ Սահմանադրության փոփոխությամբ սկսված բարեփոխումները շարունակում ենք ու այլևս անշրջելի են: Հիմք է դրվել մասնակցային, ներկայացուցչական ընտրակարգով ձևավորվող նոր խորհրդարանի, որին նախորդեց իսկապես աննախադեպ աշխատանք՝ իշխանական ու ընդդիմադիր ուժերի բացառիկ միասնականությամբ մշակվեց նոր Ընտրական օրենսգիրք, որ նաև ստացավ Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականը: Ընտրություններից առաջ շատերն էին կասկածում, որ կլինեն տեխնիկական բարդություններ, սարքերը չեն աշխատի, մարդիկ չեն հարմարվի: Այսօր մենք տեսանք, որ մի քանի տեխնիկական թերությունները չհաշված՝ և՛ սարքերն աշխատեցին, և՛ մարդիկ նորմալ ընտրեցին, և շատ ակտիվ մասնակցություն եղավ` նախկինում պասիվ բավական մեծաթիվ զանգված այսօր ակտիվ մասնակցեց ընտրությանը: Մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ կատարված տեխնիկական նորամուծությունների միջոցով իրականացան ընտրախախտումների կանխման համար ձեռնարկված միջոցների մեծ մասը և մենք կարող ենք ասել, որ ունենալու ենք լեգիտիմ իշխանություն ու լեգիտիմ խորհրդարան: Այն խախտումները, որ արձանագրվել են, ստացել են արագ և բովանդակային արձագանք պատկան մարմինների կողմից: ԿԸՀ-ն կհրապարակի ընտրության նախնական արդյունքները վաղը միայն, էքզիթ-փոլի տվյալներով ՀՀԿ-ի ստացած 46 %-ը վկայում է, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով՝ առաջընթացի ու անվտանգության համար ունենալով ժողովրդի վստահության քվեն:Այս օրերին`ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրերին ,կարծում եմ , անվտանգությունը և առաջընթացը արժևորելով՝ մեր ժողովուրդը արժանին է հատուցում մեր հերոս տղաներին, նրանց սխրանքին: Մենք խոնարհվում ենք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած մեր հերոսների շիրիմներին, զորակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին