Երկու խաղ հետո պարզ կլինի, թե ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը
Այսօր և վաղը ողջ աշխարհում տեղի կունենան ֆուտբոլի ազգային հավաքականների բազմաթիվ հանդիպումներ, որոնք շատ երկրների համար կունենան անչափ կարևոր նշանակություն 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Անկասկած մեզ համար կարևոր է Հայաստանի հավաքականի ելույթը, ով այսօր երևանի ժամանակով 20:00-ին քննություն կընդունի Չեխիայի ազգային հավաքականից: Դա, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին կայանալիք Դանիայի հետ հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը:
Մեր խմբում բացի մեր հավաքականի խաղից կհանդիպեն նաև Մալթան ու Դանիան, ինչպես նաև խմբի առաջատար Իտալիան կընդունի իրեն հետապնդող Բուլղարիային: Եվրոպական գոտում այսօրվա հանդիպումներից հետաքրքրություն են առաջացնում նաև Ռուսաստան-Լյուքսեմբուրգ, Վրաստան-Ֆրանսիա, Ֆինլանդիա-Իսպանիա, ինչպես նաև հարավսլավական դերբին՝ Սերբիա-Խորվաթիա:
Հարավային Ամերիկայի ընտրական գոտու առաջատար Արգենտինան այսօր ազատված է ընտրական հանդիպումից, իսկ մնացած հանդիպումներից հիշատակության է արժանի Կոլումբիա-Էկվադոր, Չիլի-Վենեսուելա, Պերու-Ուրուգվայ հանդիպումները:
Հյուսիսային Ամերիկայում էլ Մեքսիկան կընդունի Հոնդուրասին, Կոստա-Ռիկան` ԱՄՆ-ին, Պանաման` Յամայկային:
Աֆրիկյան գոտում էլ խմբային փուլի հանդիպումները մոտ են ավարտին և այսօրվա հանդիպումները նույնպես կարևոր նշանակություն ունեն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ուղեգրեր ունեն Բրազիլիան՝ որպես կազմակերպիչ երկիր, ինչպես նաև Ճապոնիան, Իրանը, Հարավային Կորեան և Ավստրալիան, որոնք նվաճել են բաղձալի ուղեգիրը: