Պիտի ուզենայի, որ ինքը մնար «Ժառանգությունում». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է լուրերը, թե ինքը գաղտնի կերպով հովանավորում է իր նախկին կուսակից Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: «Առաջին անգամ եմ նման բան լսում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հեռանալուն, ապա հետաքրքրվեցինք այդ քայլից հետո «Ժառանգության» վարկանիշը չի՞ ընկել, ինչին Ր. Հովհաննիսյանն արձագանքեց. ««Ժառանգությունը» շատ ամուր է իր արմատներով, նոր ծիլերով, Զարուհին անցել է «Ժառանգության» դպրոցը, շատ հպարտ եմ իրենով: Պիտի ուզենայի, որ ինքը մնար «Ժառանգությունում» և նոր սերունդ դաստիարակեր, բայց բոլոր դեպքերում դա իր քաղաքացիական իրավունքն է, ինքն, իր տեսակետները պետքական են մեր քաղաքական դաշտում: Ամենայն բարին եմ մաղթում նրան»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ 1-2 հոգի, միգուցե, հեռացել են «Ժառանգությունից», շատ չէ, ինչի մասին «Երկիր ծիրանիի» համագումարի ժամանակ հայտարարեց Զ. Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը լքեց «Ժառանգությունը», քանի որ կարծում էր, որ կուսակցության սկզբունքներին դեմ է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմումը: