Տեր-Պետրոսյանի ծրագիրը վտանգավոր է. ՀՎԿ թեկնածու
«Ընդհանրապես ամբողջ այդ ծրագիրը Լևոն Տեր-Պետրոսյանի, որ արդեն ձգվում է որքան ժամանակ, շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանի պես երկիրը չէ, որ աշխարհում պիտի խաղաղություն ուղարկի, մենք չենք դա որոշում: Միակ բանը, որ կարող ենք անել, պատրաստ լինել պատերազմի, ուժեղանալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ 94 թվականի խայտառակ, ստորացուցիչ պայմանագիրը զինադադարի, որ մենք ստորագրեցինք, չաշխատեց, Ադրբեջանը դրանից հետո էլի հարձակվեց, կրկին զոհեր ենք տալիս, ապա ապրիլի քառօրյան եղավ: «Այսինքն մենք բոլորս գիտենք, որ այս աշխարհահամակարգում դա թղթի կտոր է: Գերմանիան չհարձակվե՞ց Սովետական միության վրա
` ունենալով չհարձակման պայմանագիր: Այդ ամենը Լևոն Տեր-Պետրոսյանն էլ շատ լավ գիտի, և հարց է առաջանում, թե իմանալով հանդերձ ինչու է մոլորեցնում: Այդ ինչո՞ւ զինադադարի պայմանագիրը չի գործում, բայց խաղաղության պայմանագիրը գործելու է, այդ թղթի կտորը, չէ՞ որ մենք գիտենք, թե որն է իրականությունը, որն է թուղթը»,-ընդգծեց Կ. Հակոբյանը:
Նա նկատեց, որ ժողովուրդն էլ շատ լավ գիտի վերոնշյալը և հռետորական հարց ուղղեց` ինչպե՞ս դա կարող է դառնալ մի ամբողջ կուսակցության գաղափար ու ծրագիր: «Այս տարածը զիջենք, հետո էլ հաջորդը պիտի զիջենք, վերջում էլ Հայաստանի դուռը պիտի փակենք ու գնանք: Դա՞ է այդ ծրագիրը»,-ասաց Կ. Հակոբյանը: