Ինչպես ապավինել հանցագործի գթասրտությանը. Հրապարակ
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը մի քանի հետեւություն է արել երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Օրակարգից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցից։ Դավիթ Բաբայանը ասաց, որ շատ կարեւոր է երկարատեւ եւ կայուն խաղաղության գաղափարը։ Սակայն, ըստ նրա, որպեսզի խաղաղությունը լինի երկարատեւ, կարգավորումը պետք է լինի այնպիսին, որ խոստանա կայուն եւ երկարատեւ խաղաղության հեռանկար։
«Անցյալին վերադարձի փորձը հղի է անկանխատեսելի հեռանկարով։ 25 տարի առաջ, 1994-95թթ․ կար այս կամ այն տարբերակը՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմացե, «տարածքներ՝ խաղաղության դիմացե։ Խաղաղությունը բարդ բան է, եւ երբ դու թուլացնում ես քո անվտանգությունը, սակայն չի լինում խաղաղություն, ապա դու հայտնվում ես շատ ծանր վիճակում։ Այն մոտեցումները, որոնք 25 տարի առաջ տրամաբանական էին, ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխության։ Օրինակ՝ Արցախը չի կարող գոյություն ունենալ ԼՂԻՄ-ի սահմաններում՝ որպես հայկականության մի օջախ, էլ չեմ խոսում՝ որպես անկախ պետության գոյության մասին։ Մենք պետք է հաշվի առնենք իրականությունը եւ այն հանգամանքը, թե ով է մեր հակառակորդը։ Իսկ մեր հակառակորդը ֆաշիստ է, ահաբեկիչ, հանցագործ։ Հիմա մենք ինչպե՞ս կարող ենք ապավինել զինված հանցագործի, ռեցիդիվիստի բանականությանը, գթասրտությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ապա Դավիթ Բաբայանը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք կողմ չի եղել այս կամ այն մոտեցմանը։ «Նրանք բազմիցս հայտարարել են, որ իրենք որեւէ լուծում որեւէ կողմին չեն պարտադրելու։ Եթե մեր հակառակորդը հերոսացնում է տականքին, եւ միջազգային հանրությունը չի արձագանքում, ապա մենք ինչպե՞ս կարող ենք ապավինել նրանց քմահաճույքին։ Չէ՞ որ, երբ թուլանանք, ապա այդ հակառակորդը կարող է նորից հարձակվել»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նկատեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է շարունակվող արտագաղթի, թուլացող եւ հյուծվող տնտեսության մասին, որոնց դեպքում մենք չենք կարող որպես պետություն հզորանալ։ Սրան գումարած, Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է հայկական կողմի զոհերի մասին, որոնք կարող են հետագայում էլ կրկնվել։
«Քանի՞ զոհ ենք տալիս տարեկան սահմանին։ Դուք չգիտեք, չգիտեն նաեւ շատ ու շատ այլ մարդիկ։ Բայց ես գիտեմ, որ Երեւան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան մահանում է 4-6000 մարդ, չհաշված հիվանդություններից մահացողները։ Հիմա դա ի՞նչ կապ ունի արցախյան հիմնախնդրի հետ։ Բանակում, եթե մենք զոհեր ենք ունենում, ապա դրանք 10, 20, 100 անգամ ավելի քիչ են։
Հիմա ամեն ինչ պետք է լինի համապարփակ վերլուծության մեջ։ Ավելի շա՞տ զոհ չենք տալիս ճանապարհատրանսպորտային պատահարների, սպանությունների պատճառով։ Եթե մենք թուլանանք, Արցախը կորչի, ապա թող ոչ մեկը չմտածի, թե Հայաստանը պահպանելու է իր անկախությունը»,- ասաց մեր զրուցակիցը։