Ի՞նչ են անում Սուտլիկ որսկանները
«Ես Շիրակի մարզում եմ, քարոզարշավով զբաղված եմ հենց այստեղ: Շիրակի մարզում նախընտրական պրոցեսներն ընթանում են իրենց բնականոն հունով ու, փառք Աստծո, խաղաղ միջավայրում: Յուրաքանչյուր թեկնածու աշխատում է իր համար, ոչ թե ուրիշների դեմ. լարվածություն չկա: Ներկուսակցական լարված պայքար չկա, կա մրցակցություն, ինչը շատ նորմալ է, որը բխում է մեր ընտրական համակարգից: Յուրաքանչյուր քաղաքական ուժ օգտվում է իր գործիքակազմից», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Նիկոյանը:
Վերջինս շեշտեց՝ ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ն ամպագոռգոռ հայտարարություններ չի անում:
«Մենք ասում ենք այն, ինչ կարող ենք անել ու անելու ենք: Թեկուզ հենց Շիրակի մարզում այցելում են տարբեր կուսակցությունների լիդերներ ու տալիս խոստումներ. գիտեն, որ խոստում կատարողները մեկ է, իրենք չեն լինելու: Երբեմն հնչում են այնպիսի խոստումներ, որոնք հասնում են անհեթեթության, ու բանական մարդը երևի թե նման մտքեր չպիտի արտահայտի: Բայց ընտրություններից առաջ ամենասուտ խոստումներն են հնչում: Սուտլիկ որսկանի նման յուրաքանչյուրը պատմում է այն, ինչ ուզում է», – նշեց Սամվել Նիկոյանը:
Վերջինս շեշտեց՝ կան որոշ քաղաքական ուժեր, որոնք ամեն պատեհ ու անպատեհ առիթի դեպքում ցանկանում են վարկաբեկել ՀՀԿ-ին ու դրանով ընտրական գործընթացներում լարվածության էլեմենտներ մտցնել: Այդուհանդերձ, ժողովուրդը գիտի՝ ինչ է կատարվում: