Այս իշխանությունների հետ անգամ մատաղ ուտելու չեմ գնա. Արամ Մանուկյան
Խորհրդարանական ընտրություններին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ինչպես գիտենք, մասնակցում է խաղաղության ծրագրով: Այս ծրագիրը քննադատության արժանացավ շատ ուժերի, քաղաքական գործիչների կողմից: Չնայած Hearan.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ ծրագիրն աստիճանաբար ավելի ու ավելի է ընդունվում և հասարակության, և ընտրողների, և այլ քաղաքական ուժերի կողմից, ովքեր, իհարկե, համարձակություն ունեն:
Այսօր ակտիվ քննարկվում է նաև տեսակետը, թե իշխանության հետ պայմանավորված է եղել այս ծրագրի առաջ քաշումը, և հենց այս ծրագիրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համար խորհրդարան անցողիկ ձայեր կապահովի, քանի որ իշխանության կողմից փոխզիջումային քաղաքականությունը սուր քննադատություն էր առաջացրել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նման տեսակետն Արամ Մանուկյանն ուղղակի մեկ բառով բնութագրեց` հիմարություն:
«Այս իշխանությունների հետ ես անգամ հաց ուտելու չեմ գնա, էն որ ասում են` մատաղ ուտելու չեմ գնա: Այս բոլոր դժբախտությունները, այն, որ մենք հայտնվել ենք նման իրավիճակում, իշխանությունների մեղքն է, ապրիլի զոհերն իրենզ վզին են, իրենց մեղքն է: Նման տեսակետ հայտնողներին ես արհամարհում եմ, չեմ պատասխանի»,- արձագանքեց պատգամավորը: