27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«ԱՐՏ ՖԵՍՏ»-ի կարևորագույն նպատակներից մեկը երիտասարդ սերնդին աջակցելն ու առաջ մղելն է»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, ով ղեկավարում է ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Փառատոնը ստեղծվել է 2013 թվականին՝ իմ և լուսահոգի ուսուցչիս՝ Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ: Այս փառատոնը մեր մշակութային իրականության մեջ ունի բացառիկ նշանակություն ու ձևաչափ, քանի որ այն  ընդգրկում է արվեստի տասից ավելի ճյուղեր՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ,  հագուստի մոդելավորում, կերպարվեստ՝ իր ճյուղավորումներով՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ: Պետք է ասեմ՝ այս տարի   փառատոնն իր մեջ կներառի արվեստի ևս մեկ ճյուղ՝ գրականությունը՝ մասնավորաբար դրամատուրգիա և կինոսցենար: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ն ամեն տարի ներկայանում է նորամուծությամբ՝ ընդգրկելով նոր ոլորտներ, ընդլայնելով փառատոնի աշխարհագրությունը, իրականացնելով մասնագիտական աջակցության ծրագրեր և այլն։ Նախորդ տարվանից սկսած՝ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հանդիսանում է միջազգային երիտասարդական հարթակ, մշակութային-ստեղծագործական պլատֆորմ: Փառատոնի միջազգային և PR համակագրողների հետ միասին իրականացրինք իրազեկման ծրագիր, հարցումներ և մեդիամոնիթորինգ՝ պարզելու «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի  մասին պատկերացումները արտասահմանցի ստեղծագործ երիտասարդների շրջանում։ Արդյունքում որոշվեց «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի ձևաչափը խմբագրել և ներկայանալ միջազգային հարթակում։ Առաջին իսկ տարում հայտագրվեց մի քանի երկիր. միայն կինոոլորտում հայտագրվեցին մասնակիցներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից և այլն։ Այս տարի, վերջին տվյալներով հայտեր ունենք Հնդկաստանից, Չինաստանից, Ինդոնեզիայից, ՌԴ-ից, Անգլիայից, Իրանից: Կարծում եմ՝ փառատոնը տարեցտարի լայն թափ է հավաքում: Ունենք հիանալի մասնագիտական հանձնախումբ՝ կազմված արվեստի հեղինակավոր գործիչներից, մեկ խոսքով՝ անուներ, որոնք կարող են երիտասարդ սերնդին հաղորդել իրենց ստեղծագործական հարուստ կենսափորձը:  Փառատոնը ստեղծելիս առաջնորդվել ենք մի քանի սկզբուքով. ինչպես գիտեք, ժամանակին Երևանում գործել է գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ մեկ տանիքի ներքո ստեղծագործել են նկարիչները, քանդակագործները, դերասանները, ռեժիսորները, կինոգետները, թատերագերները, բրուտագործներն ու մի շարք այլ մասնագիտացումներ ստացող երիտասարդներ: Մեկ ընդհանուր դաշտում ստեղծագործելու գաղափարն ինձ մշտապես ոգևորել է։ Եվ որքան էլ արվեստում առավելապես գործում է անհատական ստեղծագործական սկզբունքը, այդուամենայնիվ միասնության գաղափարի շուրջ համախմբումը ունի մի շարք առավելություններ։ Նախ տարբեր ոլորտների ստեղծագործողները ծանոթանում են միմյանց, ապա այդ համագործակցությունը ստեղծում է նոր նախագծերի լայն հեռանկար։ Իսկ 2013 թվականին հրավիրված էի Իրանի «Fadjr» փառատոնին, որն ընդգրկում է թատերարվեստի, կինոարվեստի և երաժշտության ոլորտները: Ուսումնասիրելով «Fadjr» փառատոնի փորձը վերջնականապես որոշեցի ստեղծել հայաստանյան մի փառատոն որը կընդգրկի արվեստի տասից ավելի ճյուղեր: Այդպիսի լայնածավալ փառատոն իրականացնելու գաղափարն ինձ և ոգևորում էր և սարսափեցնում։ Ահռելի ծավալի աշխատանք է իրականացվում, որը, շնորհիվ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի աշխատակազմի քննությունը պատվով է բռնում:

Անդրադառնալով փառատոնի մրցութային ձևաչափին՝ Էրիկ Բարսեղյանը նշեց՝ փառատոնը կազմված է երկու փուլից. առաջին փուլում էլեկտրոնային տարբերակով մանրամասն ուսումնասիրվում են հայտերը՝ դիտվում ֆիլմերը, ներկայացումները, կերպարվեստի ստեղծագործությունները և այլն, ապա առանձնացվում են այն ստեղծագործությունները, որոնք համարում ենք պակաս մրցունակ, վերջիններիս հայտատուներինի տեղեկացնում, որ նրանց ստեղծագործությունը չի հաղթահարել մրցութային փուլ անցնելու շեմը, իսկ հաջողված ստեղծագործություններն անցնում են հանրային ցուցադրության՝ ֆիլմերը՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Կերպարվեստի ստեղծագործությունները՝ ՀՀ Նկարիչների միության սրահում, երգարվեստի լսումները՝ կամերային երաժշտությանը տանը և այսպես շարունակ։ Հանրային ցուցադրությունների շրջանակում մասնագիտական հանձնախումբը դիտում և լսում է մասնակիցների ներկայացրած ստեղծագործությունները, ապա ընտրում լավագույն ստեղծագործությունները և մրցանակաբաշխությանը հանձնում պատվավոր մրցանակները: Ընդգծենք՝ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ն այս տարի ստացել է ավելի քան  500 հայտ:

«Պետք է ասեմ՝ ըստ էության,  փառատոնը գործում է շուրջ տարի: Նախորդ տարի փառատոնի համակազմակերպիչ Երիտասարդ ստեղծագործողների միությունն իրականացրեց մասնագիտական աջակցության ծրագիր. յուրաքանչյուր ոլորտի մրցանակակրին հնարավորություն տրվեց նոր աշխատանք ստեղծելու,  նոր գաղափար իրագործելու համար: Օրինակ կինոոլորտի մրցանակակիրը նոր ֆիլմ նկարահանելու նպատակով ստացավ տեխնիկական աջակցություն: Կերպարվեստի ոլորտի մրցանակակիրների համար նկարիչների միությունում իրականացվեց ցուցահանդես»,-նշեց Էրիկ Բարսեղյանը:

Վերջինս շեշտեց՝  փառատոնի կարևորագույն նպատակներից մեկը երիտասարդ սերնդին աջակցելն ու առաջ մղելն է:

«Ցանկացած նոր նախագիծ կայացման ընթացքին ունի բարոյական և նյութատեխնիկական աջակցության անհրաժեշտություն։ Արվեստի կառավարման մասնագետներն՝ արտ-մենեջերներն, իրականացնում են հենց այս աշխատանքը։ Ստեղծագործելու համար երիտասարդը պետք է ունենա նվազագույն անհրաժեշտ պայմաններ։ Այդպիսով հարկավոր է ուշադրության տակ առնել շնորհալի երիտասարդներին: «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնը ծառայում է այդ նպատակին՝ ստեղծելով ինքնադրսևորման նոր հարթակ», – եզրափակեց Էրիկ Բարսեղյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ