Ծառուկյանի վերադարձի գաղտնիքը. Հայկական Ժամանակ
Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն:
Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր:
Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը երեկ ասուլիսում ներկայացրել էր, ըստ իրենց ուսումնասիրությունների, ինչպիսին կլիներ ընտրությունների պատկերը, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ`«Ծառուկյան» դաշինքը կստանար 26,4 տոկոս ձայն, ՀՀԿ-ն` 22,8 տոկոս, «Ելք» դաշինքը`4.3 տոկոս:
«Ազատության» եթերում Փաշինյանն ասաց, որ նույն կենտրոնի իր աղբյուրների նշած թիվը առնվազն երեք անգամ մեծ է հրապարակվածից: Այսինքն «Ելք» դաշինքը այս պահին 14 տոկոս ձայն ունի:
Առաջին հայացքից, տարօրինակ է, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակային արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, և ոչ` ՀՀԿ-ն: Սակայն, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգևորվել իր 80 տոկոս վարկանիշով:
Կարապետյանին «ռամկաների» մեջ պահելն իհարկե կարևոր է, բայց նախընտրական շրջանում նման թվեր հրապարակելը կարող էր նաև ռիսկային լինել: Ամեն դեպքում քաղաքական ուժը, տեսնելով, որ առաջատար դիրքերում է, կարող է ձգտել քվեարկության արդյունքներով նույնպես գրավել այդ դիրքը և հաջորդ իշխանությունը ձևավորել:
Հնարավոր է, բայց ոչ Ծառուկյանի դեպքում: Ծառուկյանին հիմա կտտանքների էլ ենթարկեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա: Եվ դա լավագույնս երևաց Լոռվա մարզում այսօրվա նախընտրական հանրահավաքի դրվագով, երբ քաղաքացիներից մեկը քիչ էր մնում Սերժ Սարգսյանին քննադատեր, բայց Ծառուկյանը ժամանակին կանխեց:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: